Հայաստանի հանրապետական կուսակցությունը դեռ չի քննարկել առաջիկա խորհրդարանական ընտրություններում ընտրացուցակի հարցը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը` մեկնաբանելով շրջանառվող տեղեկությունները, թե ՀՀԿ-ն ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ընտրություններին մասնակցելու են միասնական ցուցակով:
Շարմազանովը նաեւ հրաժարվեց մեկնաբանել ՀԱԿ-ի վերջին հանրահավաքում առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի` ԲՀԿ-ին արած համագործակցության առաջարկը: «Ես այլ քաղաքական ուժերի ծրագրերը չեմ մեկնաբանում, հարցրեք ՀԱԿ-ին եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը: Կոալիցիան այսօր շատ արդյունավետ աշխատում է նախագահ Սարգսյանի գլխավորությամբ»,- նշեց պատգամավորը:
Վերջինս նաեւ նշեց, որ հստակ չէ, թե խորհրդարանական ընտրությունները կայանալու են մայիսի 6-ին: «Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է ասի: ԿԸՀ նախագահը, կարծեմ դեռեւս հայտարարությամբ հանդես չի եկել»,- նշեց նա:




























