Ռուս-վրացական սահմանի Վերին Լարս անցակետում գտնվող մի քանի հարյուր բեռնատարների հայ վարորդները դեռեւս գտնվում են սպասողական դրության մեջ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանի Միջազգային փոխադրողների ասոցիացիայի (TIR) նախագահ Հերբերտ Համբարձումյանը:

Վերջինս հույս հայտնեց, որ հարցն անպայման կքննարկվի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի` Վրաստան կատարելիք այցի ընթացքում: Նշենք, որ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 29-ին այցելելու է Վրաստան: Պատվիրակության կազմում է նաեւ Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը:

«Հավանաբար այդ հարցն էլ այնտեղ կքննարկեն»,- նշեց Համբարձումյանը: Նրա խոսքով, վրացական կողմը անցակետը փակել է ձմռան վտանգների պատճառով, եւ պատճառաբանում են, թե ճանապարհը վտանգավոր է մարդկանց կյանքի համար:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, նոյեմբերի 12-ին, Վրաստանի իշխանությունները առանց պաշտոնական տեղեկացման ավտոտրանսպորտային միջոցների սահմանափակումներ են մտցրել անցակետի վրացական կողմում, որի հետեւանքով ռուսական կողմից խցանման մեջ են հայտնվել հարյուրավոր բեռնատարներ եւ տրանսպորտի այլ միջոցներ, որոնք, հիմնականում, ուղեւորվում էին Հայաստան: Ձյան առատ տեղումների եւ սառցակալման հետեւանքով Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ճանապարհի Գուդաուրի (Պոստա)-Կոբի հատվածում երթեւեկությունն արգելված է տրեյլերների, կիսատրեյլերների եւ 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների համար: Արդեն երեք շաբաթից ավելի է հայաստանյան 200 բեռնատարներ կագնած են Վերին Լարսի անցակետում: