Բեյրութի մատույցներում իսրայելական հարձակման հետեւանքով, նախնական տվյալներով, զոհերի թիվը հասել է երկու հոգու։ Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասաց Լիբանանում լույս տեսնող «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը։
Նշենք, որ ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել նաև վիրավորների մասին։ Իսրայելական բանակը հայտարարել է, որ դա պատասխան է երեք օր առաջ անդրսահմանային հրթիռակոծության, որի հետևանքով զոհվել է 12 երեխա և դեռահաս:
«Իսրայելը պնդում է, որ հարվածները հասցվել են «Հեզբոլլահի» ռազմական խորհրդատուներին, թեև պարզ չէ՝ հաջողվել է հասնել այդ թիրախներին, թե ոչ: Հարվածները հասցվել են մարտական գոտուց հեռու։ Միաժամանակ Իսրայելը հայտարարեց, որ եթե «Հեզբոլլահը» չպատասխանի, ուրեմն շահագրգռված չէ պատերազմ սկսել»,- հավելեց Գանտահարյանը։
Նա չի բացառել, որ ստեղծված իրավիճակում Իսրայելն ու «Հեզբոլլահը» կշարունակեն փոխադարձ հարվածները։





























