Կիևը հուլիսի 31-ի գիշերը ենթարկվել է ռուսաստանյան «Շահեդ» հարվածային անօդաչու թռչող սարքերի՝ տարեսկզբից ի վեր ամենախոշոր գրոհին, հայտնել է քաղաքի ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Պոպկոն։

«Թշնամին տասնյակ անօդաչու սարքեր է ուղարկել Ուկրաինայի խաղաղ մայրաքաղաք։ Սա հուլիսին Կիևի վրա հակառակորդի անօդաչու թռչող սարքերի արդեն յոթերորդ հարձակումն էր։ Այն դարձել է ամենազանգվածայինը մայրաքաղաքի դեմ 2024 թվականին օգտագործված անօդաչու թռչող սարքերի քանակով»,- գրել է Պոպկոն իր թելեգրամյան ալիքում։

Նա նշել է, որ օդային հարձակումը տևել է ավելի քան յոթ ժամ, և ռուսական անօդաչու թռչող սարքերը Կիև են մտել «ալիքներով և գրեթե բոլոր հնարավոր ուղղություններով»։ «Կիևի օդային տարածքում և մայրաքաղաքի մոտակայքում խոցվել են հակառակորդի չորս տասնյակից ավելի անօդաչու թռչող սարքեր»,- նշել է Պոպկոն։

Միաժամանակ, Կիևի ռազմական վարչակազմի ղեկավարը նշել է, որ ոչ մի անօդաչու թռչող սարք չի հասել իր թիրախին, զոհեր և ավերածություններ չկան։ «Տվյալները նախնական են, տեղեկությունը ճշտվում է»,- հավելել է Պոպկոն։

Բացի Կիևից և Կիևի մարզից, այս գիշեր օդային հարձակման նախազգուշացում է հայտարարվել Չեռնիգովի, Չերկասի, Պոլտավայի, Սումիի, Կիրովոգրադի, Խարկովի և Լուգանսկի մարզերում։ Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերը անօդաչու թռչող սարքերի թռիչքներ են գրանցել Կիևի, Պոլտավայի և Չեռնիգովի մարզերում։