Մոսկվայում ընթացող շախմատի 8-րդ չեմպիոն Միխայիլ Տալին նվիրված մրցաշարի 5-րդ տուրում հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը քիչ առաջ ոչ-ոքի ավարտեց հանդիպումը ռուսաստանցի Ալեքսանդր Մորոզեւիչի հետ:

Մրցավեճն ավարտվեց 31-րդ քայլին: Արոնյանը թեեւ մեկ փղի առավելություն ուներ Մորոզեւիչի նկատմամբ, սակայն անկարող էր առավելությունը իրացնել եւ համաձայնեց մրցավեճը խաղաղությամբ ավարտելու առաջարկին: 5-րդ տուրից հետո Արոնյանն ունի 3 միավոր:

Մյուս պարտիաներում Վասիլի Իվանչուկը ոչ-ոքի խաղաց Մագնուս Կառլսենի, Պյոտր Սվիդլերը՝ Ռուսլան Պոնոմարյովի հետ: Վլադիմիր Կրամնիկ-Բորիս Գելֆանդ, Վիշվանաթան Անանդ-Պետեր Լեկո մրցավեճերը դեռեւս շարունակվում են: Հիշեցնենք, որ մրցաշարը տեղի է ունենում նոյեմբերի 5-14-ը, նախ «Նացիոնալ» հյուրանոցում, ապա ԳՈՒՄ-ի ցուցասրահում: Այդ մրցաշարին կհաջորդի արագ շախմատի աշխարհի առաջնությունը:
Լեւոն Արոնյանը հերթական անգամ ոչ-ոքիի գնաց