«ԼՂ խնդրի կարգավորման վերաբերյալ առաջ քաշված սկզբունքները նոր չեն: Դրանք նույնն են, ինչ եղել է 1992 թվականից ի վեր: Միակ տարբերությունն այն է, որ այն ժամանակ կար նաեւ Հայաստանի ու ԼՂ-ի ապաշրջափակման հարցը, իսկ հիմա դա դուրս է մնացել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց քաղաքագետ, Բրյուսովի անվան օտար լեզուների համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանը: Նրա խոսքով, հայկական կողմի համար մյուս կարեւոր էլեմենտը դա ԼՂ մասնակցությունն է բանակցություններին, իսկ համանախագահող երկրների նախագահների հայտարարությունից ու մադրիդյան սկզբունքներից երեւում է, որ Ղարաբաղը դուրս է մղվել բանակցային գործընթացից:

NEWS.am-ի հարցին, թե բանակցային գործընթացի ո՞ր փուլում է Ղարաբաղը դուրս մղվել բանակցություններից, ո՞ւմ մեղքով, կամ ո՞ր սխալի հետեւանքով, Ս. Զոլյանը հստակ պատասխան չտվեց, նշելով. «Միջնորդների ցանկությամբ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ բանակցությունները որոշ ժամանակ ընթանում էին, որոնք բերեցին դրական արդյունքների, բայց իմ կարծիքով, 2005-2006 թվականները այն ժամանակաշրջանն էր, երբ Հայաստանը կարող էր դադարեցնել բանակցությունների շղթան: Բայց կար լուրջ ցանկություն միջնորդների կողմից, որ բանակցությունները շարունակվեին»: Հիշեցնենք, որ ԼՂ-ն բանակցություններից դուրս մնաց այն ժամանակ, երբ 1999 թվականին բանակցությունները փոխարինվեցին Ռոբերտ Քոչարյան-Հեյդար Ալիեւ 30-ից ավելի հանդիպումներով:

Ինչ վերաբերում է նրան, թե ինչպե՞ս անել, որ բանակցություններին մասնակցի նաեւ Ղարաբաղը, Ս. Զոլյանն ասաց. «Դա կարող է լինել միայն այն դեպքում, եթե Հայաստանը հայտարարի, որ դուրս է գալիս բանակցություններից, բայց Ադրբեջանի հակաքայլը կանխատեսելի է, նա եւս դուրս կգա բանակցություններից: Այդ դեպքում կունենանք վաակումային մի վիճակ, որը ավելի վտանգավոր է, քան եղած իրավիճակը»:

Նա նաեւ ընդգծեց, որ որքան էլ աժիոտաժը մեծ է հիմա, սակայն լւծումը դեռ շատ հեռու է: «Այսօր լուծումը կարող է լինել միայն պարտադրված, բայց կասկածում եմ, որ միջնորդ երկրները դրան պատրաստ են»,- ասաց նա: