Շվեյցարական «Roche» դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը կվերահսկի Հայաստանի դեղատներում վաճառվող «Տամիֆլու» դեղամիջոցի գները։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ հարցազրույցում հայտնեց «Roche» ընկերության հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Բագրատ Լալայանը՝ ավելացնելով, որ կոմերցիոն նպատակով «Տամիֆլու»-ի նոր խմբաքանակ Հայաստան կներմուծվի մեկ ամսից։ Ըստ նրա՝ նոր խմբաքանակը Հայաստանին հնարավոր է զեղչված գներով տրամադրվի։ Դեղատների դիտարկման արդյունքում դեղամիջոցի գինը չպետք է գերազանցի 15 հազար դրամը։
Բ. Լալայանի խոսքով՝ դեղամիջոցը համաշխարհային շուկայում արդեն 10 տարուց ավելի է գրանցված է, եւ հայտնի է, որպես գրիպի դեմ գործող լավագույն միջոցներից մեկը։ «Վերջերս մամուլում հայտնված այն լուրերը, թե դեղամիջոցը ազդում է ուղեղի քնի կենտրոնի վրա, կամ լյարդի վրա, չեն համապատասխանում իրականությանը»,- վստահեցրեց նա՝ ավելացնելով, որ դեղի վտանգավորության մասին միջազգային մամուլում հրապարակված հոդվածները անհիմն են, եւ ոչ մասնագիտական։
«Roche»-ի հայաստանյան ներկայացուցչության բժշկական գծով մենեջեր Դիանա Գրիգորյանի խոսքով, «Տամիֆլու»-ն 10 տարուց ավելի աշխարհի բազմաթիվ երկրներում գրանցված դեղամիջոց է, այդ ընթացքում դեղամիջոցը միլիոնավոր մարդիկ են ընդունել, եւ անցանկալի բացասական ազդեցություններ չեն նկատվել։ «Չնայած, որ դեղամիջոցն արդեն 10 տարի է շուկայում է, այնուամենայնիվ „Roche“ բոլոր ներկայացուցչություններում դրա նկատմամբ մոնիտորինգ է իրականացվում, եւ բացասական ազդեցությունների դեպքում առաջին հերթին կիմանային մեր մասնագետները եւ անմիջապես կհայտնեին գլխավոր գրասենյակին»,-նշեց Դ. Գրիգորյանը՝ ավելացնելով, որ դեղամիջոցը համապատասխան չափաբաժնով թույլատրելի է նաեւ երեխաներին։ Ըստ նրա՝ այդ բացասական երեւույթները, որոնք ի հայտ են գալիս A/H1N1 գրիպով հիվանդ երեխաների մոտ, ավելի շուտ այդ գրիպի հետեւանքներն են։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին բրիտանական «Daily Mail» թերթը հոդված էր հրապարակել, որտեղ նշված էր, թե բրիտանացի գիտնականները հայտնաբերել են, որ A/H1N1 վիրուսի դեմ ամենաարդյունավետ դեղամիջոցներից մեկը՝ «Տամիֆլու»-ն, չափազանց բացասաբար է ազդում երեխաների վրա։ Ըստ «Daily Mail»-ի «Տամիֆլու»-ն բացասական հետեւանքներ է թողնում քնի, եւ մարսողական համակարգի վրա։




























