Դեղերի շուկայում ներկայում առկա է գների անվերահսկելիություն, այսօր` նոյեմբերի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց հանրապետական պատգամավոր, «Հայաստան» երիտասարդական հիմնադրամի համակարգող Կարեն Ավագյանը:
Նրա խոսքով` մեծածախից մինչեւ մանրածախ ցանց դեղի գինն աճում է 200 տոկոսով: Կ. Ավագյանն առաջարկում է սահմանել առավել մեծ պահանջարկ ունեցող դեղերի ցանկ, եւ դրանց համար սահմանել առավելագույն գին: Որպես օրինակ նա նշեց Ռուսաստանը, որտեղ արդեն իսկ գործում է նմանատիպ օրենք:
Սոցիալական խնդիրները մեղմելու համար Կ. Ավագյանը բժիշկներին առաջարկեց չտարվել միայն բրենդային թանկ դեղերի նշանակմամբ, քանի որ շուկայում որպես կանոն առկա են նույն ազդող նյութն ունեցող այլ, ավելի էժան դեղեր (այսպես կոչված` ջեներիկ դեղեր), որոնց բուժիչ նշանակությունը չի զիջում բրենդայիններին:
Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրեն Հակոբ Թոփչյանն էլ ասաց, որ Հայաստանում արտադրվող համարյա բոլոր դեղերն էլ ջեներիկ են, բացի Արմենիկումից, որը շուկայից դուրս չի եկել, ու լավացնում է հիվանդների ինքնազգացողությունն ու կյանքի որակը: Նրա տեղեկացմամբ` Հայստանում կա 14 դեղարտադրող ընկերություն, որոնք արտադրում են մոտ 500 տեսակի դեղ: Ընդհանուր առմամբ հայկական շուկայում վաճառվում են մոտ 4500 դեղեր:



























