Հայ եւ վրացի ժողովուրդների հարաբերությունները հիմնված են հարգանքի եւ եղբայրության վրա: Այդ մասին, այսօր` նոյեմբերի 29-ին, Թբիլիսիում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլի հետ համատեղ ասուլիսում:

«Վերջին տարվա ընթացքում երկու երկրների համագործակցության ակտիվությունն աննախադեպ էր, հարաբերությունները դինամիկ են զարգանում: Երկու տասնյակ կարեւոր հանդիպումներ են եղել»,- ասել է Հայաստանի նախագահը` կարեւորելով երկու երկրների միջեւ սահմանային ոլորտը կարգավորող փաստաթղթի ստորագրումը, որը կնպաստի երկու երկրների միջեւ փոխգործակցության զարգացմանը, եւ արդեն առաջիկայում սահմանամերձ գյուղերի բնակիչները կզգան այդ փոփոխությունը իրենց վրա:

Նախագահը նաեւ նշեց, որ հանդիպմանը քննարկվել են հայ-վրացական համագործակցության գրեթե բոլոր հարցերը: Նրա խոսքով, վերջին տարում 20 տոկոսով ավելացել է առեւտրաշրջանառությունը եւ հավելել է, որ դա ողջ պոտենցիալը չէ, հնարավորություն կա ավելացնելու այն:

Սերժ Սարգսյանը կարեւորել է համագործակցությունը առեւտրաշրջանառության, գիտատեխնիկական, մշակույթի ոլորտներում: Նշել է, որ 2012թ. շահագործման կհանձնվի Հյուսիս-Հարավ մայրուղին, որը կմիանա Նինոծմինդա-Բաթում ճանապարհի հետ, ինչը հնարավորություն կտա որակյալ ճանապարհով Պարսից ծոցից Վրաստան բեռներ փոխադրել: Եւ վրացական կողմը նույնպես կզգա դրական փոփոխությունը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ տարածաշրջանային խնդիրներին, առհասարակ բոլոր այն խնդիրներին, որոնց շուրջ Հայաստանն ու Վրաստանը համագործակցում են: ՀՀ նախագահը նշել է, որ Հայաստանի ու Վրաստանի հարաբերությունները կարելի է որակել բարիդրացիական: