Wall Street Journal-ը լայնածավալ նյութ է հրապարակել (հասանելիությունը կարող է վճարովի լինել) Կուրսկի շրջանի վրա ուկրաինական հարձակման նախապատրաստման և վաղ փուլերի մասին։

Նախքան հարձակումը սկսելը «հակակրեմլյան կիսառազմականացված խմբերը, որոնց աջակցում է ուկրաինական ռազմական հետախուզությունը», սահմանով ռեյդեր էին անում, հետախուզություն իրականացնում, հայտնում է BBC-ն։ Իսկ գործողության մեկնարկից երկու շաբաթ առաջ ուկրաինական անօդաչուները ոչնչացրել են ռուսաստանյան դիտարկման համակարգեր Կուրսկ տանող ճանապարհի սահմանային դիրքում։

Ուկրաինայի գրոհային ստորաբաժանումները սահմանը հատել են օգոստոսի 6-ի գիշերը։ Միաժամանակ Ռուսաստանի տարածք են մտել ուկրաինական ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումները՝ խլացնելով ռուսաստանյան զորքերի կապը և զրկելով նրանց անօդաչուները կառավարելու հնարավորությունից։ Թերթը այս մարտավարությունն անսովոր է անվանում. ըստ WSJ-ի, այն «պաշտպանիչ փուչիկ» ստեղծեց  Ուկրաինայի գրոհային ստորաբաժանումների շուրջ:

Առաջին գրոհին մասնակցել են Ուկրաինայի զինված ուժերի 80-րդ և 82-րդ օդային հարձակման բրիգադները։ Դրանք հագեցված են թեթև զրահապատ Stryker և Marder ավտոմեքենաներով։

Դրանց հետևել են տանկերն ու այլ ծանր զրահատեխնիկան՝ մաքրելով տարածքը, քանի 80-րդ և 82-րդ բրիգադները շարժվում էին առաջ (այլ լրատվամիջոցներ նույնպես հաղորդել են այս մարտավարության մասին):

Գործողության առաջին ինն օրերի ընթացքում Ուկրաինայի զրահատեխնիկայի կորուստները տասնյակների են հասնում։

Մարդկային կորուստներն ավելի դժվար է գնահատել, սակայն թերթը մեջբերում է 44-րդ բրիգադի ուղղորդիչի խոսքը, որը մասնակցել է անցյալ տարվա հարձակմանը Զապորոժիեի շրջանում․ նա ասել է, որ հիմա կորուստները շատ ավելի քիչ են։

Արևմտյան վերլուծաբանները նշում են, որ ընդհանուր առմամբ գործողությանը ներգրավված է Ուկրաինայի Զինված ուժերի մոտ 6 հազար զինվորական, ևս 4 հազարը՝ օժանդակ դերում են։

Այս ուժերը հավաքվում են ռեզերվներից, որոնք Ուկրաինան ստեղծել էր Արևմուտքի խրախուսմամբ ամբողջ տարվա ընթացքում՝ այս տարվա վերջին կամ հաջորդ տարի հարձակողական գործողությունները վերսկսելու համար: