Հանրապետական Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք Սպիտակ տան նախկին մամուլի քարտուղարի պաշտոնը զբաղեցրած Ստեֆանի Գրիշեմը երեքշաբթի ելույթ է ունեցել Դեմոկրատների ազգային համագումարում՝ իր աջակցությունը հայտնելով փոխնախագահ Քամալա Հարիսին՝ նշելով, որ նա «ունի իմ ձայնը», հաղորդում է CBS News-ը:
Իր ելույթի ժամանակ Գրիշեմը հիշեցրել է, որ երբ Դոնալդ Թրամփի օրոք ինքն աշխատում էր Սպիտակ տանը, Թրամփը «ծաղրում էր իր կողմնակիցներին» և նրանց «նկուղի բնակիչներ» անվանում:
Ըստ Ստեֆանի Գրիշեմի՝ Թրամփը «ոչ կարեկցանք ունի, ոչ բարոյականություն, ոչ էլ հավատարիմ է ճշմարտությանը»:
Գրիշեմը հայտարարել է, որ 2021 թվականի հունվարի 6-ին ինքը դիմել է այն ժամանակվա առաջին տիկին Մելանյա Թրամփին սոցիալական ցանցերում տարածել հաղորդագրություն՝ դատապարտելով բռնությունը ԱՄՆ Կապիտոլիումում, սակայն Մելանյա Թրամփը մերժել է: Դրանից հետո Գրիշեմը հրաժարական է տվել Սպիտակ տան իր պաշտոնից:
«Ես իմ երկիրն ավելի շատ եմ սիրում, քան կուսակցությունս»,-ասել է Գրիշեմը:-Քամալա Հարիսը ճշմարտությունն է ասում: Նա հարգում է ամերիկացի ժողովրդին և ունի իմ ձայնը»:
Գրիշեմը մի քանի հանրապետականներից մեկն է, ովքեր ելույթ են ունենում Դեմոկրատների ազգային համագումարում: Իր ելույթից առաջ նա ընտրողներին հորդորել է միանալ իրեն՝ հանուն նրա, որ Դոնալդ Թրամփն այլևս Սպիտակ տուն չվերադառնա։





























