Արևմտյան երկրները հրաժարվել են իրենց տարածքում զինապարտ ուկրաինացիներին որոնելու և Ուկրաինա ուղարկելու հարցում Կիևին օգնելուց, հայտնել է Bloomberg գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երկկողմ հանդիպումների շրջանակում դրա մասին հորդորել է դաշնակիցներին։
Սակայն «Լեհաստանից մինչև Հունգարիա» երկրների քաղաքական գործիչները հայտարարել են, թե ուկրաինացի փախստականներին չեն ուղարկելու հայրենիք, քանի դեռ պատերազմը շարունակվում է, գրում է գերմանական Deutsche Welle պարբերականը։
Bloomberg-ը նշում է, որ բացի մարդասիրական բաղադրիչից, որի պատճառով արևմտյան երկրներն ընդունում են փախստականներին, գոյություևն ունի նաև տնտեսական բաղադրիչը՝ աշխատուժի պակասը։
Մասնավորապես, հազարավոր ուկրաինացի տղամարդիկ մինչև պատերազմի սկսվելը երկար տարիներ աշխատել են Լեհաստանում և Չեխիայում։
Ռուսական ագրեսիայի սկզբից ի վեր նրանցից շատերը վերադարձել են հայրենիք՝ մարտերին մասնակցելու համար։
Աշխատուժի արտահոսքը սկսեց զգալ տալ այնպիսի ոլորտներում, ինչպիսին շինարարությունն ու տրանսպորտն են:
Ուկրաինայի իշխանությունների տվյալներով՝ 2022 թվականի փետրվարի 24-ից արտերկիր է մեկնել զորակոչային տարիքի շուրջ 650 հազար տղամարդ։





























