Նախագահ Սերժ Սարգսյանի հետ յուրաքանչյուր հանդիպումը նպաստում է հայ-վրացական հարաբերությունների լավացմանն ու խորացմանը: Այդ մասին, նոյեմբերի 30-ին, Թբիլիսիում կայացած հայ-վրացական բիզնես-ֆորումի ժամանակ հայտարարել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, հաղորդում է NEWS.am-ի հատուկ թղթակիցը Վրաստանի մայրաքաղաքից:

«Մենք մեծ համակրանքով ենք վերաբերվում այն գործին, որը Սերժ Սարգսյանը կատարում է Հայաստանում, որպեսզի Հայաստանը շարունակի իր պատմությունը: Իհարկե, Հայաստանում հպարտանալու շատ բան կա: Երկար տարիների ընթացքում մենք հպարտացել ենք գյուղատնտեսության ոլորտում կատարված բարեփոխումներով, նոր տեխնոլոգիաների ներդրմամբ: Հայաստանը շատ հարցերում կարող է օրինակ ծառայել»,-նշել է Սահակաշվիլին:

Ֆորումի մասնակիցներին ներկայացնելով Վրաստանի տնտեսական վիճակը` Սահակաշվիլին նշել է, որ 2003 -ից այն կտրուկ փոփոխություններ է կրել: «Ներկայումս Վրաստանը ամենաթեթեւ բիզնես կլիմա ունեցող երկիրն է Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայում, ինչպես նաեւ հետխորհրդային տարածքում: Համաշխարհային բանկի տվյալներով, Վրաստանը առաջին բարեփոխիչն է աշխարհում վերջին տարվա ընթացքում: Վրաստանում գործում է մաքսակետային անցման ամենաարագ ձեւը: Հետազոտությունների համաձայն, Վրաստանում գործում է աշխարհի ամենաարդյունավետ եւ թափանցիկ պետական ապարատը Նոր Զելանդիայից հետո»,-ասել է Վրաստանի նախագահը:

«Մենք չունենք բնական հանածոներ, ինչպիսիք են նավթը եւ գազը, որոնք ունեն մեր հարեւանները, սակայն մենք չունենք այն, ինչ ունեն նրանք. մենք չունենք բյուրակրատիա, կոռուպցիա, հանցագործություն, եւ Վրաստանը հանդիսանում է բարենպաստ երկիր օտարերկրյա ներդրումների համար»,-նշել է Սահակաշվիլին: