Հայ-վրացական բիզնես ֆորումը շատ կարեւոր է երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացման համար: Այդ մասին հայ-վրացական բիզնես ֆորումի ժամանակ, Թբիլիսիում նոյեմբերի ին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, հաղորդում է NEWS.am-ի հատուկ թղթակիցը Վրաստանի մայրաքաղաքից:
Նախագահը շեշտել է Վրաստանի զարգացման կարեւորությունը, այդուհանդերձ նշելով, որ Վրաստանը, ինչպես նաեւ Հայաստանը շարժվում է այդ ուղղությամբ` հաղթահարելով համաշխարհային տնտեսական ճգնաժամի հարուցած դժվարությունները: Այս տարի Հայաստանում ակնկալվում է ՀՆԱ-ի ավելացում 5 տոկոսով, այդ թվում արդյունաբերության ոլորտում` 11-12 տոկոս, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում` 25 տոկոս:
Տեղեկատվական տեխնոլոգիաների կայուն զարգացումը, նախագահի խոսքով, խթան է հանդիսանում այդ ոլորտում օտարերկրյա ներդրումների համար: Խոսելով Վրաստանում հայկական ներդրումների մասին` Սարգսյանը նշել է, որ իրեն շատ հաճախ են հարց տալիս, թե արդյոք չի մտահոգում այդ հանգամանքը. «Դա միանգամայն օրինաչափ է, փողերը պետք է ներդրվեն այնտեղ, որտեղ նրանք շահույթ են բերում: Անհանգստության առիթ կլիներ այն հանգամանքը, եթե որեւէ ձեռնարկություն փակվեր Հայաստանում եւ բացվեր Վրաստանում: Մենք նաեւ չենք ցանկանում, որ որեւէ ձեռնարկություն փակվեր Վրաստանում եւ բացվեր Հայաստանում: Մենք ցանկանում ենք, որ վրացական կապիտալը առկա լինի Հայաստանում, իսկ հայկականը` Վրաստանում»:



























