Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր` նոյեմբերի 30-ին, ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամին եւ քննարկել հանրապետության մարզերում իրականացվող տարբեր ծրագրերի ընթացքը:
ՏԿՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկվել են ՀԲ աջակցությամբ հանրապետության մարզերում իրականացվող տարբեր ծրագրերի ընթացքին եւ առաջիկա ծրագրերի իրագործմանը վերաբերող հարցեր: Փոխվարչապետը կարեւորել է դրանց նշանակությունը տարածքների համաչափ զարգացման տեսանկյունից` նկատելով, որ այդ ծրագրերը հիմնականում ուղղված են մարզերում արտադրական եւ սոցիալական ենթակառուցվածքների վերականգնմանն ու զարգացմանը:
Անդրադարձ է եղել մասնավորապես ոռոգման համակարգում իրականացվող ծրագրին: Նշվել է, որ ԱԺ արտահերթ նիստի օրակարգում է «Ոռոգման համակարգերի վերականգնման հրատապ ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման վարկային համաձայնագիր»-ը, որի վավերացումից հետո անմիջապես ձեռնամուխ կլինեն դրա իրագործմանը, նախապատրաստական աշխատանքներն արդեն կատարված են: Քննարկվել են նաեւ խմելու ջրի համակարգի բարեփոխումներին ուղղված «Համայնքային ջրամատակարարման եւ ջրահեռացման ծրագրի» լրացուցիչ ֆինանսավորման հետ կապված հարցեր:
Կողմերն անդրադարձել են Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի կողմից իրականացվող երրորդ ծրագրի երրորդ լրացուցիչ ֆինանսավորման նախագծին, ինչպես նաեւ քննարկեցին «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության ծրագրին» առնչվող հարցեր: Փոխվարչապետը նաեւ գոհունակություն է հայտնել մարզերում իրականացվող «Առողջապահական համակարգի արդիականացում» ծրագրի ընթացքից, ինչի արդյունքներն արդեն նկատելի են մարզերի բնակչության համար:
Հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքային կարգով համատեղ քննարկել ծրագրերի հետ կապված որոշ մանրամասներ:



























