«Աշտարակ կաթ» ընկերությանը տուգանել են աշխատակիցների համար սանիտարական կաննոններով նախատեսված կոշիկների մաքրման հատուկ սարքավորման բացակայության, մեքենաների անվադողերի ախտահանման սարքի բացակայության եւ փաստաթղթերում թթվասերի մերանի սերտիֆիկատի հայերեն թարգմանության բացակայության համար։ Այս մասին NEWS.am-ի  թղթակցին տեղեկացրեց «Աշտարակ կաթի» տնօրեն Ստեփան Ասլանյանը՝ նշելով, որ ստուգումների սկսման ժամանակ մեքենաների անվադողերի ախտահանման սարքավորումն արդեն մոնտաժվում էր, իսկ ավարտին այն արդեն պատրաստ է եղել։

«Նման ստուգումներ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը պարբերաբար անցկացնում է,  եւ սա սանտեխնիկական խնդիր է։ Չեմ կարծում, որ ընկերության նկատմամբ ինչ-որ կանխակալ վերաբերմունքի միտում կա։ Իսկ մեքենաների անվադողերի ախտահանման հարցն արդեն լուծել ենք»,- ասաց Ասլանյանը։

Նշենք, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության իրականացրած ստուգումների արդյունքում 200-հազարական դրամով տուգանվել են Հայաստանում կաթնամթերք արտադրող մի շարք ընկերություններ: Սակայն, ըստ ծառայության, այդ ընկերությունների արտադրանքում չեն հայտնաբերվել մանրէաբանական ցուցանիշների շեղումներ, կամ սոդայի ու կրախմալի անթույլատրելի օգտագործում: