Չեխիայի ծերանոցում 91 տարեկան հասակում մահացել է հանրահայտ մուլտհերոս Խլուրդի հեղինակը` նկարիչ-ծաղրանկարիչ Զդենեկ Միլերը:
Միլերին միջազգային ճանաչում բերեց Խլուրդիկի մասին մուլտֆիլմերի շարքը, որոնք այսօր էլ վայելում են հանդիսատեսի սերը: Իր հերոսին նկարիչը հորինել է 1956թ., երբ զբոսնելիս է եղել Պրահայի մոտակա անտառում եւ դեմ է առել խլուրդի բնի: Ըստ նրա` Ուոլթ Դիսնեյն իր մուլտֆիլմերում օգտագործել է բոլոր կենդանիներին, բացի խլուրդից, որին էլ ընտրել է Միլերը:
Խլուրդիկը մուլտֆիլմերում չի խոսում, միայն ծիծաղելի ձայներ է արձակում, որոնց «հեղինակները» Միլերի մանկահասակ երկու դուստրերն են դարձել: Հիմնականում հենց դրա շնորհիվ էլ մուլտֆիլմերը սիրվել են ամբողջ աշխարհում, դրանք թարգմանության կարիք չունեն, գրում է «YTPO.ru»-ն:




























