Լոնդոնում ավելի քան 20 քաղաքական ակտիվիստներ են ձերբակալվել, ովքեր ներխուժել են քաղաքի կենտրոնում գտնվող գրասենյակային շենք, երբ երկրում պետական ծառայողների զանգվածային բողոքի ցույցեր էին ընթանում:
UK Uncut եւ «Գրավիր Լոնդոնը» շարժման մասնակիցները ցույցի մասնակիցներից անկախ են գործել, բայց այդ կերպ փորձել են աջակցել նրանց եւ մարդկանց ուշադրությունը հրավիրել սոցիալական մի շարք սուր խնդիրների վրա, որոնք առկա են ժամանակակից հասարակության կյանքում:
Ակտիվիստները կենտրոնացել են լեռնահանքային արդյունաբերությամբ զբաղվող «Էքսստրատա» ընկերության գրասենյակի վրա, որի տնօրենը` Միք Դեւիսը, աշխարհում ամենաբարձր վարձատրվող կառավարիչների թվում է: 60-ից ավելի մարդ փորձել է ներխուժել գրասենյակ, ոմանց հաջողվել է սողոսկել ոստիկանական շղթայի միջով, բարձրանալ շինության տանիքին եւ«Իշխանությունը պետք է բնակչության 99%-ի ձեռքին լինի» բովանդակությամբ պաստառներ տեղադրել:
Կես ժամվա ընթացքում Սքոթլենդ Յարդի աշխատակիցները ձերբակալել են բոլոր շենք ներխուժածներին: Հավաքված մի քանի հարյուր մարդուց բաղկացած ամբոխի պատճառով ոստիկանությունը ստիպված է եղել շրջափակել տարածքը:
Նախորդ տարվա հոկտեմբերին ստեղծված UK Uncut շարժման անդամները Մեծ Բրիտանիայի տարբեր քաղաքներում բազմիցս բողոքի զանգվածային ցույցեր են կազմակերպել` իրենց գործողությունները կոորդինացնելով սոցցանցերի միջոցով: ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը գրում է, որ ակտիվիստները պահանջում են դադարեցնել խոշոր ընկերությունների տնօրեններին հսկայական բոնուսներ տրամադրելը եւ շրջափակում են ֆինանսական մեքենայությունների եւ հարկերից խուսափելու մեջ կասկածվող ընկերությունների շենքերը:
Նոյեմբերի 30-ին Լոնդոնում կայացած վերջին մի քանի տասնամյակների ամենախոշոր գործադուլին գրեթե երկու միլիոն բրիտանացի է մասնակցել:




























