Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը այսօր պաշտոնապես ստանձնեց լիազորությունները: Բիշքեքի ազգային ֆիլհարմոնիայի շենքում կայացել է երդմնակալության արարողությունը:
Աթամբաեւը Աստծո եւ ժողովրդի առջեւ երդվել է պաշտպանել ժողովրդի միասնականությունը, ամբողջականությունը եւ պետության անվտանգությունը: Դրանից հետո նրան հանձնվել են նախագահի վկայականը, կրծքանշանը եւ նախագահական շտանդարտը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Ծրագրված է, որ արարողությաունը կեզրափակվի մայրաքաղաքի կենտրոնական հրապարակում Աթամբաեւի դիմավորած ռազմաշքերթով:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ին կայացած ընտրություններում Ալմազբեկ Աթամբաեւը վստահ հաղթանակ է տարել` հավաքելով ընտրողների ձայների 62 տոկոսից ավելին եւ հետեւում թողնելով մնացած 15 թեկնածուներին:
Ղրղըզստանի նոր նախագահը հանրապետության ամենահայտնի կուսակցություններից մեկի` սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավարն է: Վերջին խորհրդարանական ընտրություններին կուսակցությունը երկրորդ տեղն էր զբաղեցրել, ինչը նրան թույլ էր տվել Աթամբաեւին առաջադրել վարչապետի պաշտոնում: Այսօր նա պաշտոնապես հրաժեշտ կտա կառավարության ղեկավարի լիազորություններին: Խորհրդարանը պետք է նոր կոալիցիա ստեղծի, որն էլ կընտրի վարչապետին:
Երդմնակալության կապակցությամբ Ղրղըզստանում անվտանգության խստացված միջոցառումներ են ձեռնարկված: Հյուրերի ցանկում նշվում են Թուրքիայի եւ Վրաստանի նախագահները, Ղազախստանի եւ Տաջիկստանի վարչապետները, Ուզբեկստանի, Բելառուսի, Թուրքմենիայի եւ Չինաստանի խորհրդարանների խոսնակները:
Աթամբաեւի նախագահի պաշտոն ստանձնելը Ղըրղզստանի պատմության մեջ իշխանության առաջին խաղաղ փոխանցումն է: Ի տարբերություն Ակաեւի եւ Բակիեւի, որոնք գահընկեց էին արվել ժողովրդական հեղափոխությունների արդյունքում, հանրապետությունը 1 տարի 8 ամիս ղեկավարած Օթունբաեւան պաշտոնին մնալու փորձեր չի ձեռնարկել:




























