Թերթը գրում է, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի թիվ 16 պոլիկլինիկայի աշխատակիցները որոշել են, որ իրենք կեսօրից հետո այլեւս որեւէ քաղաքացու կանչ չեն ընդունելու: «Երեկ Քանաքեռ համայնքի բնակիչներից մեկը ժամը 12.30-ի սահմաններում զանգահարել է այս պոլիկլինիկայի ընդունարան եւ խնդրել, որ կանչ գրեն իր դպրոցահասակ երեխայի համար, քանի որ  երեխայի մոտ նկատվել է ջրծաղիկ հիվանդության նախանշաններ, սակայն ընդունարանից  քաղաքացուն մերժել են` ասելով, որ ոչ մի կանչ էլ չեն գրի, քանի որ տվյալ տարածքը սպասարկող  մանկաբույժը տեղում չէ, ու կանչերի ժամերն էլ վերջացել են: Երբ քաղաքացին պնդել է, որ իրենք իսկապես պոլիկլինիկայի բժշկի կարիքն ունեն, քանի որ միայն նա կարող է երեխայի հիվանդության մասին հավաստող փաստաթուղթ  տալ, որը անհրաժեշտ է ներկայացնել դպրոց` բացակայությունները հարգելի համարելու համար, նրան պատասխանել են. «Նո՞ր եք նկատում, երեխայի հիվանդ լինելը»: «Առավոտը» փորձեց պոլիկլինիկաների գործունեության համար  պատասխանատու` Երեւանի քաղաքապետարանից պարզել, թե արդյոք պոլիկլինիկաներում կա՞ ֆիքսված ժամ, որից հետո քաղաքացիների կանչերը չեն ընդունվում: Քաղաքապետարանի լրատվական վարչությունից մեր հարցմանն ի պատասխան ասացին, որ Երեւան քաղաքի բոլոր պոլիկլինիկաներում կանչերը պետք է գրանցվեն բոլոր աշխատանքային ժամերին` առավոտյան 9-ից մինչեւ երեկոյան 19-ը:

Նշենք, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչներն այս պոլիկլինկայի գործունեությունից շատ հաճախ են դժգոհում, խոսքը մասնավորապես` բյուրոկրատական քաշքշուկների մասին է»,- գրում է «Առավոտ»-ը: