Վիեննայում, նոյեմբերի 28-ին, մեկնարկել է ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության /UNIDO/ 14-րդ Գլխավոր կոնֆերանսը, որը գումարվում է երկու տարին մեկ: Գլխավոր կոնֆերանսը կազմակերպության գերագույն օրենսդիր մարմինն է եւ բաղկացած է 174 անդամ երկրներից:

Այս տարվա կոնֆերանսը կրում է «Նոր արդյունաբերական հեղափոխություն. դարձնենք այն կայուն» խորագիրը: Կոնֆերանսին բացման խոսքով ելույթ են ունեցել Ավստրիայի փոխվարչապետ Միխայել Շպինդելեգերը, UNIDO-ի Գլխավոր տնօրեն Կանդեհ Յումկելան, մի շարք նախարարներ, բարձրաստիճան պաշտոնյաներ եւ այլոք:

Նոյեմբերի 30-ին Գլխավոր կոնֆերանսում ելույթով հանդես է եկել Հայաստանի պատվիրակության ղեկավար Վիեննայում Միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Արման Կիրակոսյանը: Վերջինս իր ելույթում անդրադարձել է աղքատության կրճատմանն ուղղված Հայաստանի արդյունաբերական զարգացման ծրագրերին,  ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության հետ համատեղ իրականացվող ծրագրերին` մասնավորապես, սկսնակ ձեռներեցների, խոցելի եւ փախստականներով բնակեցված համայնքների օժանդակության ծրագրերին, հանքարդյունաբերության, քիմիական եւ սննդի արդյունաբերության ոլորտներում առավել մաքուր արտադրությունների զարգացման եւ կիրառման ծրագրերին, վերջերս Հայաստանում բացված UNIDO-ի Արդյունաբերական զարգացման կենտրոնին եւ այլն:

Կոնֆերանսն իր աշխատանքները կշարունակի մինչեւ դեկտեմբերի 2-ը: