ԱՊՀ մինչեւ 2015թ. ռազմական համագործակցության հայեցակարգն է հաստատվել նոյեմբերի 10-ին կայացած ԱՊՀ անդամ-պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի Դուշանբեում կայացած 57-րդ նիստի ընթացքում:
Խորհուրդը նաեւ հաստատել է 2010թ. աշխատանքների պլանը եւ քննարկել է ԱՊՀ հակօդային պաշտպանության միացյալ համակարգի զարգացման ուղղությունները:
Բացի այդ, նիստի ընթացքում քննարկվել են ՀՕՊ զորքերի կառուցվածքի եւ զինվորական կազմի օպտիմալացման, ԱՊՀ երկրների՝ ՀՕՊ խնդիրների հետազոտման ոլորտում գործունեության խնդիրները:
Ռազմական գերատեսչությունների ղեկավարները մատնանշել են Համագործակցության երկրների ռազմական գերատեսչություններին տեղեկատվական ապահովմամբ զբաղվող մարմինների մինչեւ 2015թ. փոխգործակցության ուղիները: Բարձրացվել են նաեւ ցամաքային ռազմավարական գոտիների թվային քարտեզագրական տվյալների միացյալ տեղեկատվական բանկ ստեղծելու հարցերը: Նիստի աշխատանքներին մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ադրբեջանի, Ղազախստանի, Ղըրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի պաշտպանության նախարարները: Ուկրաինան ներկայացված է եղել Տաջիկստանում ռազմական կցորդի մակարդակով, իսկ Մոլդովան չի մասնակցել նիստի աշխատանքներին՝ վկայակոչելով նախագահական ընտրությունները:
ԱՊՀ ՊՆԽ հաջորդ նիստը կկայանա 2010թ. ապրիլի 14-ին, Մոսկվայում:




























