Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հերքել է տեղեկությունները, թե ոստիկանությունը միտումնավոր ճնշում գործադրելու նպատակով է վերջին օրերին ձերբակալում եւ կալանավորում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համակիրներին:
«Ոստիկանությունը մահակ չէ, որ զբաղվի դրանով»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է ոստիկանապետը:
Երկու օր առաջ խոշոր չափերով թմրանյութերի ապօրինի շրջանառության համար ձերբակալվել էր ԲՀԿ-ի Ջերմուկի տարածքային կառույցի ղեկավար Արմեն Հովհաննիսյանը, իսկ ավելի վաղ կրկին թմրանյութերի գործերով կալանավորվել էին ԲՀԿ-ի հետ առնչություն ունեցող եւս երկու անձինք: ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի կարծիքով, «վերջին շրջանում այնքան շատ եղան նման դեպքեր, որ արդեն իրեն ստիպում է խոսել ոչ թե պատահականությունների, այլ օրինաչափության մասին»:
Ոստիկանապետը, սակայն, պնդել է, որ նման որեւէ միտում չկա, նաեւ հերքել է, թե այս հարցով ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը իրենից բացատրություն է պահանջել:
«Ես կարծում եմ, որ այստեղ անհանգստանալու խնդիր չկա, եւ միտում էլ չեմ տեսնում: Մենք օրական շատ նման դեպքեր ենք ունենում, եւ բացարձակապես կուսակցական հարցերը այդտեղ չեն քննարկվում: Թե ինչ վերլուծություններ են արել, ինչ են հաշվարկել, չգիտեմ: Մենք «Վահան» օպերացիայի պայմաններում արդեն մի ամիս է օրը 7-8, մինչեւ 10 նման դեպք ենք ֆիքսում», - շարունակեց Գասպարյանը:
ԲՀԿ-ի Ջերմուկի տարածքային կառույցի ղեկավարի ձերբակալության մասին ոստիկանապետն ասել է. «Ես գուշակ չեմ, ինձ համար նշանակություն չունի ով ով է: Ինձ համար նշանակություն ունի, թե նա ինչ է անում»:
Հարցին, թե ինչո՞ւ ոստիկանությունը Հանրապետական թմրամոլ չի հայտնաբերում, Գասպարյանը պատասխանել է. «Ես չգիտեմ, երեւի կա, մենք չենք իմանում, մենք երեկ երեկոյան մեկ կիլոգրամ թմրանյութ ենք հայտնաբերել, եւ հաստատ իմացեք, որ հաղորդագրությունում այս անգամ մենք կշեշտենք, որ կուսակցական չէ, անկուսակցական է»:
Ոստիկանապետը հստակ բացառել է, որ ԲՀԿ-ի նկատմամբ որեւէ քաղաքական ճնշում է իրականացվում. «Իհարկե, հստակ բացառում եմ, եւ ոստիկանությունը մահակ չէ, որ զբաղվի դրանով: Իսկ ինձ համար մեծ հաշվով բացարձակ նշանակություն չունի որ կուսակցության անդամ կլինի այս կամ այն [անձը]: Գագիկ Ծառուկյանը ինձանից բացատրություն չի պահանջել, իսկ ես հաշվետու չեմ ոչ մեկին, բացի հասարակությունից»:




























