ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ «Россия Сегодня» մեդիա խմբի և RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի նկատմամբ պատժամիջոցներ են սահմանվել։

«2017 թվականին RT-ն գրանցվել է որպես ԱՄՆ-ում օտարերկրյա կառավարության գործակալ: 2024 թվականի սկզբից սկսած RT-ի ղեկավարությունը փորձել է ԱՄՆ ազդեցիկ մարդկանց գաղտնի հավաքագրել: RT-ն օգտագործել է կեղծ ընկերություն՝ իր կամ Ռուսաստանի կառավարության մասնակցությունը թաքցնելու նպատակով:

Մարգարիտա Սիմոնի Սիմոնյանը RT-ի գլխավոր խմբագիրն է և Ռուսաստանի կառավարության կործանարար ազդեցություն գործադրելու փորձերի կենտրոնական դեմքը: Նա թույլ է տվել ընկերությանը RT-ի անվան տակ գործառնություններ իրականացնել»,- ասված է ԱՄՆ ֆինանսների նախարարության հայտարարության մեջ:

Նշվում է, որ պատժամիջոցներ են կիրառվել նաև Սիմոնյանի տեղակալ Ելիզավետա Բրոդսկայայի նկատմամբ, որը ՌԴ նախագահ Պուտինին և կառավարության այլ պաշտոնյաներին, ինչպես նաև մեդիա խմբի մի շարք այլ աշխատակիցներին հաշվետվություն է ներկայացրել։

Այսօրվա գործողությունների արդյունքում վերոնշյալ անձանց պատկանող ու Միացյալ Նահանգներում գտնվող ամբողջ գույքն արգելափակված է և պետք է զեկուցվեն Օտարերկրյա ակտիվների վերահսկողության գրասենյակին (OFAC)։

Բացի դրանից, արգելափակված են նաև ցանկացած կազմակերպություն, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն, անհատապես կամ հավաքականորեն 50 տոկոսի կամ ավելին պատկանում է մեկ կամ մի քանի արգելափակված անձանց: