Թուրքիայում վերջին տարիներին գնալով ավելանում է ամուսնությունից առաջ սեռական հարցերի հետ կապված խորհրդատուներին դիմողների քանակը: Այս մասին հայտնում է թուրքական «AA» լրատվական գործակալությունը: Սեռական առողջության ինստիտուտի տնօրեն Ջեմ Քեչեն ասում է, որ Թուրքիայում շատերը չգիտեն անգամ, որ կան այդպիսի խորհրդատվական ծառայություններ:
Նրա խոսքով, թուրքական ընտանիքներում եւ դպրոցում երիտասարդներն ու երեխաները սեռական կրթություն չեն ստանում, որի պատճառով, նոր կյանք մտնող սերունդը, գրեթե ոչինչ չգիտի սեռական կյանքի մասին: Քեչեն հատկապես նշում է, որ նոր ամուսնացած զույգերը կարող են սեռական կյանքում խնդիրներ ունենալ, որոնք գնալով մեծանում են եւ զույգի ամուսնական հարաբերություններն ու հոգեկան վիճակը սկսում է վատանալ:
Այդուհանդերռ, ըստ Քեչենի, վերջին ժամանակներում ամուսնությունից առաջ խորհրդատվության համար զանգահարողների թիվը մեծացել է: «Հատկապես ամռանը շատանում են ամուսնությունները: Օրական հարյուրավոր զանգեր ենք ստանում: Եթե դրան գումարենք էլ-փոստով ստացած նամակները, ապա հսկայական մի թիվ է կազմում: Մեր մասնագետները աշխատում են հասցնել պատասխանել բոլորին: Թե’ տղաները, թե’ աղջիկները, իրենց անհանգստացնող հարցերից ազատվելու համար մեզ են դիմում: Մենք էլ ճիշտ տեղեկություններ տալով, աշխատում ենք հոգեբանական աջակցություն ցույց տալ»,- ընդգծել է նա:



















