Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կրկին այցելելու են տարածաշրջան, որպեսզի համաձայնեցնեն Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամկետն ու վայրը:
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը համաձայնել են հանդիպել նոյեմբերի վերջին: Մամեդյարովը նշել է նաեւ, որ Հայաստանը ձգձգում է բանակցային գործընթացը՝ կրկին վերադառնալով այն սկզբունքներին, որոնք արդեն վաղուց համաձայնեցված են: Նրա խոսքով, Ադրբեջանը մտադիր չէ բանակցություններ վարել հանուն բանակցությունների եւ նախագահների հանդիպումից կոնկրետ արդյունքներ է ակնկալում:
Հիշեցնենք, որ օրերս ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել էր, որ բանակցություններում քննարկվում է միայն ԼՂ կարգավիճակի հարցը: Որոշ հայ վերլուծաբանների կարծիքով, տպավորություն է, որ հայկական կողմը իրավացիորեն կոշտացրել է իր դիրքորոշումը եւ փորձում է առաջին պլան մղել ԼՂ կարգավիճակի հարցը:




























