Իտալիայի մշակույթի նախարար Ջեննարո Սանջուլիանոն հրաժարական է տվել՝ համապատասխան նամակ հղելով վարչապետ Ջորջիա Մելոնիին։
Վերջին օրերին նախկին լրագրող, RAI պետական հեռուստաալիքի լրատվական ծառայության նախկին տնօրեն, ներկայում մշակույթի նախարարն իր աշխատասենյակային սիրավեպի պատճառով հայտնվել է մեդիա սկանդալի կենտրոնում։ Ամուսնացած Սանջուլիանոն տարվել է ծագումով Պոմպեյից 40-ամյա գործարար Մարիա Ռոսարիա Բոչիայով, որը նրան ուղեկցել է ուղևորությունների, այդ թվում՝ աշխատանքային գործուղումների ընթացքում։
Ինքը՝ կինը, պնդել է, որ նշանակվել է որպես «խոշոր միջոցառումների կազմակերպման օգնական»։ Մասնավորապես, նա մասնակցել է Պոմպեյում Մեծ Յոթնյակի մշակույթի նախարարների հանդիպման կողմնակի միջոցառումների նախապատրաստման ճանաչողական շրջագայությանը։ Հենց դա էլ ի վերջո գրավել է մամուլի ուշադրությունը: Ենթադրություններ են եղել, որ նախարարի օգնականը միանգամայն կարող էր ծանոթանալ միջոցառման կազմակերպմանն առնչվող գաղտնի փաստաթղթերին:
Նախարարը կտրականապես հերքել է, որ Բոչիան պաշտոն է ստացել և կարող էր տեղեկացված լինել գաղտնի թեմաներին: Նա միաժամանակ պնդում է, որ իրեն ուղևորությունների ժամանակ ուղեկցած կինը նախարարության հաշվեկշռում չի եղել, և սեփական գրպանից է վճարել իր բոլոր ծախսերը։
Արդյունքում նա հեռուստատեսային լուրերի եթերում խոստովանել է, որ կնոջ հետ անձնական հարաբերություններ է ունեցել, ինչն, ըստ էության, խանգարել է վերջինիս նշանակմանը։ Բոչիան նախարարին մեղադրել է ստելու մեջ, և շարունակել է պնդել, որ ինքը նշանակումը ստացել է, և որ ուղևորությունների բոլոր ծախսերը վճարել է նախարարությունը։ Նա միաժամանակ ակնարկել է «բոլորին բռի մեջ պահող» վարչապետի ավտորիտարիզմը և հայտարարել, որ նախարար Սանջուլիանոյին շանտաժի են ենթարկել։





























