Ես կիսում եմ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որ մենք մեր լայն հարեւանության շրջանակներում բոլոր պետությունների հետ հարաբերությունները պետք է կառուցենք հարգանքի վրա. Դա պետք է լինի փոխադարձ հարգանք, որտեղ ինքնիշխանությունը պետք է լինի հիմքում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը՝ անդրադառնալով նրան, որ վերջերս նկատվում է ՌԴ-ի հետ հարաբերություններում ջերմացում եւ վարչապետն էլ ասուլիսում հայտարարեց, որ չի կարելի Ռուսաստանի հետ խոսել վիրավորական բառապաշարով:
Նա նկատեց, որ այս ամառ բավական թեժ էր եվրաինտեգրման հմատեքստում. «Երեք կարեւոր օրակարգերից երկուսն իրականացվեցին: Մեկնարկեց վիզաների ազատականացման երկխոսությունը, որը բավական կարեւոր օրակարգ է եւ որը ենթադրում է ներքին ռեֆորմներ: Դրանցից նշվում է բիոմետրիկ անձնագրերի եւ դր թվայնացման գործընթացը, երկրորդը առողջապահության ապահովագրությունը, եւ երրորդը որոշ իրավական հիմքերի ստեղծումն է:
Հաջորդը, Հայաստանը վերջապես միացած խաղաղության գործիքակազմին, որը կրկին շատ կարեւոր օրակարգ է: Դուք գիտեք, որ Ուկրաինան զինվում է հենց այս խողովակի միջոցով: Հայաստանն առաջին փուլով մեծ հայտ չէր ներկայացրել, մենք ուզում էինք այդ խողովակի մաս դառնալ, դրա համար որոշակի հիասթափության տարրեր նկատեցի մեր քաղաքացիների մոտ, բայց հայաստանը ստացավ այս կարեւոր որոշումը»,-ասաց ՔՊ-ական պատգամավորը:
Հարցին՝ ո՞ւր է, ի վերջո, գնում Հայաստանը՝ Արեւմո՞ւտք, թե Ռուսաստան, Սոնա Ղազարյանը պատասխանեց. «Հայաստանը գնում է դեպի իր ինքնիշխանության ամրացում, սուվերենության պաշտպանում: Այստեղ հաշվի են առնվում մի շարք հանգամանքներ թե տնտեսական, թե անվտանգային, թե էներգետիկ անվտանգության առումներով: Հայաստանը գնում է դիվերսիֆիկացման ուղղությամբ:
Մենք տեսել ենք, որ Ռուսաստանի անվտանգային համակարգը չի գործում, մենք երեք անգամ ունեցել ենք մեր սուվերեն տարածքի վրա հարձակում եւ զրո միջամտություն ռուսական կողմից: Երկրորդ, ամենակարեւոր բաղադրիչներից մեկը, որ պետք է մեր անվտանգային համակարն ապահովի, դա իհարկե, սահմանազատման գործընթացն է, որը ահագին առաջընթաց ունի»:





























