Հայ Ազգային Կոնգրեսը մոտ 90 գործեր է պատրաստել՝ Եվրադատարան ուղարկելու համար: Այդ գործերի մի զգալի մասն էլ վերաբերում է դատարանների կողմնակալությանը: ՀԱԿ ներկայացուցիչ, գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը ՀԱԿ գրասենյակում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ հայաստանյան դատարանները նախկինում էլ անկախ չէին, կախված էին արդարադատության նախարարից, եւ վճռաբեկ դատարանի նախագահից: «Այդ բալանասավորումը հարաբերական անկախություն էր ապահովում: Իսկ այժմ այդ գեղարվեստական զեղումներին վերջ է տրվել, եւ այժմ դատավորները դակում են բոլոր որոշումները առանց քննության»,- մանրամասնեց Գագիկ Ջհանգիրյանը, որպես հիմնական խնդիր մատնանշելով օրենքների կիրառումը:

Ջհանգիրյանը չհերքեց, որ նախկինում իր աշխատանքում էլ թերություններ եղել են: «Երբեք չեմ հերքում, որ իմ աշխատանքում թերություններ, բացթողումներ եղել են: Անսխալական միայն Աստված է, բայց այն ապօրինությունները, ինչ այսօր է կատարվում, ես 50-ն անց մարդ եմ, չեմ հիշում նման բան»,- նշեց Ջհանգիրյանը: Իսկ դիտարկմանը, թե Ջհանգիրյանին մեղադրում են զինվորական գործերով ապօրինություններ կատարելու մեջ, պատասխանեց. «Եթե իմ աշխատանքում թեկուզ մեկ այդպիսի դեպք լիներ, որ ես անմեղին դատապարտեի, կամ հանցագործուիթյուն արած լինեի, դա անմիջապես հայտնաբերած կլինեին, եւ շինծու մեղարդանքներով ստիպված չէին լինի դատապարտել»։

Ի դեպ, Գագիկ Ջհանգիրյանը նշեց, որ ինքը մինչեւ հիմա, ըստ օրենքի, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալն է: «Ուղղակի գտնվում եմ հարկադիր պարապուրդի մեջ: Հիմա ես սպասում եմ, որ իմ աշխատասենյակը վերանորոգեն, կահավորեն, նոր կվերադառնամ»,- կատակեց Ջհանգիրյանը:

Հիշեցնենք, որ 2008թ. փետրվարի 23-ին Ռոբերտ Քոչարյանը երկու հրամանագիր էր ստորագրել Գագիկ Ջհանգիրյանին դասային աստիճանից զրկելու եւ պաշտոնից հեռացնելու մասին: