Այսօր` դեկտեմբերի 2-ին ժամը 19:00-ին, երկար պատրաստություններից եւ քրտնաջան աշխատանքից հետո ի վերջո տեղի կունենա «Մանկական Եվրատեսիլ 2011»-ի գլխավոր փորձը:  Այս փորձին կարող է ականատես լինել նաեւ հանդիսատեսը: Փորձը նախատեսված է ոչ միայն մասնակիցների, այլեւ հավատարմագրված լրագրողների համար:

Եվրոպական որակով եւ հայկական ավանդույթներով ու ոգով համեմված բեմն արդեն պատրաստ է դիմավորելու մասնակիցներին, հատուկ հյուրերին, հանդիսատեսին եւ մանկական այս մեծ տոնի երկրպագուներին: Հայկական մշակութային էլեմենտները Եվրոպային կներկայացվեն ոչ միայն  բեմի դիզայնի միջոցով, այլեւ շոուի ամբողջ ընթացքում: Եվրոպացի հանդիսատեսը հնարավորություն կունենա ճանաչելու եւ գնահատելու խոր արմատներ ունեցող հայկական երգ-երաժշտությունը եւ պարը: Իսկ  հայերի ջերմ ու հյուրընկալ վերաբերմունքը կթեւածի ամբողջ համերգի ընթացքում:

Կազմակերպիչների հետեւողական ու մանրակրկիտ աշխատանքի արդյունքն արդեն զգացվում է  մանկական հեքիաթի կենտրոնում գտնվող Համալիրում: Նրանց խոսքով մասնակիցների ակտիվ ու անհոգ դեմքերն ավելի հաճելի են դարձնում այս դժվար ու պարտավորեցնող աշխատանքը:

«Մենք շատ ժամանակ ունեինք Հայաստանը տեսնելու համար: Հատկապես շատ տպավորված եմ «Մայր Հայաստան» արձանից եւ դրա պատմությունից»,- մեծ ոգեւորվածությամբ պատասխանեց Մակեդոնիայի ներկայացուցիչ Դորիան Դլական: Իսկ Բելգիայի ներկայացուցիչ Ֆեմկեն նշեց, որ իրեն հատկապես դուր է եկել հայկական համեղ խոհանոցը եւ հարուստ թանգարանները:

Այսպիսով, բազմիցս ստուգված տեխնիկան արդեն պատրաստ է: Մասնակիցներն անհամբեր սպասում են իրենց ելույթներին, իսկ հանդիսատեսը շտապում է այս աննախադեպ համերգին ներկա գտնվելուն: Հայկական ամուր լեռները խորհրդանշող բեմն էլ պատրաստ է բոլորին ապացուցելու, որ Հայաստանն էլ իր համեստ հնարավորություններով կարող է միջազգային ստանդարտներին համապատասխան շոու կազմակերպել` կապույտ էկրանի շուրջ հավաքելով միլիոնավոր հեռուստադիտողների: Այն պատրաստ է մեզ նման փոքրիկ պետություններին ապացուցել, որ անհնարինը ընդամենը կարծիք է: