Տրանսկովկասյան ավտոմագիստրալը, որը կապում է Հարավային Օսիան Ռուսաստանի հետ, փակ է սողանքների վտանգի հետեւանքով: Այդ մասին հայտնել է Հարավային Օսիայի ԱԻՆ-ի ղեկավար Անատոլի Բիբիլովը:

Նրա խոսքով, սողանքների մեծ հավանականության պատճառով Տրանսկովկասյան մագիստրալի հյուսիսային հատվածը այսօր` դեկտեմբերի 2-ին, փակ է եղել: Այժմ հակասողանքային ծառայությունը պատրաստվում է քայլեր ձեռնարկել, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

«ՌԻԱ Նովոստիի» տեղեկություններով, Տրանսկովկասյան մագիստրալը կարող է երեկոյան արդեն բաց լինել: Հարավային Օսիայի ԱԻՆ-ի ղեկավարը հայտնել է, որ ավտոմեքենաների խցանում չկա:

Ավելի վաղ, տեղեկություններ կային, որ մագիստրալի այդ հատվածը փակվել է դեկտեմբերի 1-ից էլեկտրականության մատակարարման գործում առաջացած խնդիրների պատճառով:

Որոշ լրատվամիջոցներ ճանապարհի այդ հատվածի փակումը պատճառաբանում են Հարավային Օսիայում ստեղծված բարդ իրադրությամբ: