Պոլսո հայոց պատրիարքարանի հոգեւոր խորհրդի առաջնորդ, արք. Արամ Աթեշյանը նամակ է գրել թուրքական Hurriyet-ի նոյեմբերի 2-ի գլխավոր էջում տեղադրված հրապարակման հեղինակ` Օքան Քոնուրալփին: Այս մասին տեղեկացնում է Պոլսո հայոց պատրիարքարանի կայքէջը:
Հարգելի Քոնուրալփ, Hurriyet-ի նոյեմբերի 2-ի համարում կարդացինք ձեր հրապարակումը` կապված Կայսերիի մեր եկեղեցու վերաբացման հետ: Մեր եկեղեցու բացման հետ կապված ձեր հետաքրքրության համար շատ շնորհակալ ենք:
Կայսերիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին երկար տարիներ ծառայություն է մատուցում: Այն վերանորոգվեց բարեգործների եւ պետական մարմինների աջակցությամբ: Սա նախկինում էլ է եղել եւ այսպես էլ շարունակվելու է:
Ձեր հրապարակման մեջ նշել եք, որ եկեղեցու վերաբացումը կապված է հայ-թուրքական վերջին նախաձեռնության հետ: Սակայն կրկնում ենք, որ Թուրքիայի հայ համայնքի ցանկացած ներկայացուցիչ` Թուրքիայի քաղաքացի է եւ համայնքի բոլոր կառույցները գործում են Թուրքիայի օրենքների համաձայն: Այն կարծիքին ենք, որ սխալ է նման իրադարձությունները կապել Հայաստան-Թուրքիա նախաձեռնության հետ: Քանի որ հայկական եկեղեցիների վերանորոգումներ եւ այլն Թուրքիայում իրականացվում են շատ վաղուց:




























