«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Դուբայից վերադարձել է Հայաստան: Տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց ԲՀԿ նախագահի մամուլի քարտուղար Խաչիկ Գալստյանը: Վերջինիս խոսքով, Ծառուկյանն ընտանիքի հետ մեկ շաբաթով հանգստի էր մեկնել եւ արդեն Հայաստանում է:

Հարցին, թե ԲՀԿ-ն քննարկե՞լ է արդյոք առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի` ՀԱԿ հանրահավաքում արած առաջարկը համագործակցության վերաբերյալ, Խաչիկ Գալստյանը պատասխանեց. «Հատուկ քննարկում դեռ չենք ունեցել, երբ լինի, կտեղեկացնենք»:

Ավելի վաղ ԲՀԿ-ական գործիչները հայտնել էին, որ ՀԱԿ առաջնորդի առաջարկին կանդրադառնան Գագիկ Ծառուկյանի վերադարձից հետո:

Ի դեպ, մեր տեղեկություններով, Գագիկ Ծառուկյանն այսօր մեկնել է Տաշիր, որտեղ այլ պաշտոնյաների հետ միասին մասնակցելու է նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանի մոր հուղարկավորությանը: