FEMEN կանանց շարժման ակտիվիստուհիները կրկին մերկացել են` չնայած դեկտեմբերյան ցրտերին: Այս անգամ նրանք ակցիա են անցկացրել ընդդեմ Ուկրաինայում ֆուտբոլի Եվրոպայի 2012թ. առաջնության անցկացման:
Լրագրողներն արդեն սպասում էին նրանց եւ հասցրեցին նկարել եւ տեսագրել դեղին գնդակները, մինչ տեղական ոստիկանությունը աղջիկներին ձերբակալել եւ տեղափոխել է մոտակա բաժանմունք:
Ակցիան իրականացվել է «Եվրո-2012-ն առանց մարմնավաճառության» ազգային արշավի շրջանակներում: FEMEN-ը պահանջում է երկրպագուների համար ճանաչողական արշավ սկսել սեքս-զբոսաշրջության անթույլատրելիության մասին:
«FEMEN-ը հետեւողականորեն քննադատում է ՈՒԵՖԱ-ին երկրպագուներին այլասերելու քաղաքականության համար, երբ նրանց մեջ արհեստականորեն ֆանատիզմ, ագրեսիա, բարոյական եւ մտավոր դեգրադացիա է ներարկվում: Ֆուտբոլային բյուրոկրատների կարծիքով, ժամանակակից «գերմարդու» պատկերը պետք է լինի «ֆուտբոլ-գարեջուր-սեքսը»,- ասված է հայտարարության մեջ:
Ներկայումս Կիեւում է գտնվում ՈՒԵՖԱ-ի եւ առաջնության մասնակից երկրների պատվիրակությունը, որոնք մասնակցելու են մրցաշարի վիճակահանությանը:
FEMEN-ի ուկրաինուհիները առաջին անգամը չէ, որ ապշեցնում են հանրությանը, նրանք մերկացել են Սիլվիո Բեռլուսկոնիի հրաժարականի պահանջով, Հռոմի Պապի դեմ ակցիայի ժամանակ, բողոքել Տիմոշենկոյի եւ Յանուկովիչի դեմ:




























