Հայաստանի բուքմեյքերական Toto գրասենյակը «Մանկական Եվրատեսիլ- 2011» մրցույթում բարձր է գնահատում Բելառուսի մասնակից  Լիդիա Զաբլոցկայայի հնարավորությունները: Գրասենյակի տվյալներով` Բելառուսի մասնակցի հաղթանակի գործակիցը  2,8 է: Բացի Բելառուսից, բարձր գործակից ունեն նաեւ Շվեդիան`3, Բելգիան` 6, Ուկրաինան` 6,4 եւ Հայաստանը` 7,5: Նշենք, որ, համաձայն բուքմեյքերական Toto գրասենյակի պաշտոնական կայքի, հաղթանակի ամենացածր գործակիցն ունի Մակեդոնիայի մասնակիցը` 33:

Vivaro բուքմեյքերական գրասենյակից  NEWS.am-ին հայտնեցին, որ «Մանկական Եվրատեսիլ- 2011» մրցույթի արդյունքների վերաբերյալ խաղադրույքներ չեն ընդունում, քանի որ ձեռնտու չէ: Նաեւ հաղորդեցին, որ նախորդ տարի եւս խաղադրույքներ չեն ընդունել: Բուքմեյքերներին չի գայթակղում նույնիսկ այն հանգամանքը, որ մրցույթը Հայաստանում է անցկացվում, քանի որ բարձր հետաքրքրվածություն չկա:

Հիշեցնենք, որ «Մանկական Եվրատեսիլ- 2011»-ի եզրափակիչը տեղի կունենա դեկտեմբերի 3-ին Երեւանում: Երաժշտական մրցույթին կմասնակցեն 13 երկրների մասնակիցներ: Ելույթ ունենալու հաջորդականությունը հետեւյալն է` Ռուսաստան, Լատվիա, Մոլդովա, Հայաստան, Բուլղարիա, Լիտվա, Ուկրաինա, Մակեդոնիա, Հոլանդիա, Բելառուս, Շվեդիա, Վրաստան եւ Բելգիա: