Չեխիայում հեղեղումները դարձել են 10,5 հազար բնակիչների տարհանման պատճառ։ Այս մասին տեղեկացրել է ČTK տեղեկատվական գործակալությունը։

Հեղեղումները երկրում շարունակվում են երկրորդ օրն անընդմեջ։ Ամենից շատ տուժել են հյուսիսարեւելյան շրջանները։ Զգալի վնասի մասին տեղեկացրել են արեւելյան եւ հարավային շրջանների իշխանությունները։ Ջրի մակարդակը գետերում եւ ջրատարներում բարձրացել է հանրապետության գրեթե ողջ տարածքում։

Օդերեւութաբանները կանխատեսում են, որ երկուշաբթի հորդ անձրեւները կշարունակվեն։ Փորձագետները կարծում են, որ առաջիկա ժամերին կարող է սկսվել ջրի մակարդակի աստիճանական իջեցում մոլեգնած գետերում։

Չեխիայում հորդ անձրեւները ուղեկցվում են փոթորկուն քամիներով։ Կոտրված ծառերի կույտերը փակել են երկաթուղային ճանապարհները՝ դառնալով գնացքների երթեւեկության խափանումների պատճառ։ Հանրապետության հյուսիս-արեւելքում հեղեղվել են ճանապարհները Օլոմոուց եւ Օստրովա քաղաքների միջեւ։ Այս շրջանում փակ են ճանապարհները։ Երկրում առանց լույսի է մնացել մոտ 135 հազար տնային տնտեսություն։