Հայաստանի ֆինանսական շուկայում անցնող շաբաթվա ընթացքում առեւտրային բանկերը գնել են 16 մլն եվրո եւ վաճառել 10.6 մլն եվրո: Այդ մասին նշված է ՀՀ Կենտրոնական բանկի դեկտեմբերի 2-ի հրապարակման մեջ: ԿԲ-ն առաջին անգամ է ներկայացնում եվրոյով գործարքների ծավալները արտարժույթի շուկայում: Դատելով այս հրապարակումից` բնակչությունն ակտիվորեն ձերբազատվում է եվրոյից, սակայն բանկերի մոտ «հակաեվրոյական» տրամադրություններ չկան:
Հրապարակված են նաեւ ռուսական ռուբլու առուվաճառքի ծավալները: Շաբաթվա ընթացքում բանկերը գնել են 556 մլն ռուբլի, վաճառել` 77 մլն-ը: Եթե հիմք ընդունենք Ռուսաստանի կենտրոնական բանկի սահմանած փոխարժեքը (1 եվրոն 41.48 ռուբլի), ապա ստացվում է, որ Հայաստանում ռուբլու շրջանառությունը էապես չի տարբերվում եվրոյի շրջանառությունից:
Ինչ վերաբերում է ամերիկյան դոլարին, ապա դրա առուվաճառքի ծավալները նախորդ շաբաթների համեմատ աճել են: Նոյեմբերի 28-դեկտեմբերի 2 ժամանակահատվածում բանկերը գնել են 88.5 մլն դոլար եւ վաճառել 108.7 մլն դոլար:
Նշենք, որ ֆինանսական շուկայում էապես մեծացել է դոլարային վարկերի նկատմամբ պահանջարկը: Նոյեմբերի 21-27 ժամանակահատվածում բանկերն ամերիկյան դոլարով տրամադրել են 64.3 մլն դոլար վարկ, որը գրեթե 2 անգամ գերազանցում է նախորդող շաբաթվա ցուցանիշը եւ հանդիսանում է շաբաթական կտրվածքով 2011 թ. ռեկորդային ամենաբարձր ցուցանիշը: Փոխարենը նվազել են դրամային վարկերը:



























