Հեղեղումների զոհերի թիվը Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայում անցած հանգստյան օրերին հասել է 16 մարդու եւ շարունակում է ավելանալ։ Երկուշաբթի նոր զոհեր են գրանցվել Չեխիայում, Լեհաստանում եւ Ավստրիայում, Ռումինիայի արեւելքում ջրի տակ են անցել ամբողջ գյուղեր, գրել է BBC-ն։
Տարերային աղետները պայմանավորված են «Բորիս» փոթորկով։
Լեհական Նիսայի քաղաքապետ Կորդիան Կոլբրյացը տեղի բնակիչներին կոչ է արել բարձունքներ տեղափոխվել՝ զգուշանալով ամբարտակի փլուզումից։
«Խնդրում եմ, տարհանվեք։ Անհապաղ վերին հարկեր բարձրացեք, քանի որ ալիքը կարող է հասնել մի քանի մետր բարձրության։ Դա նշանակում է, որ ամբողջ քաղաքը կհեղեղվի»,- գրել է քաղաքապետը։
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտնել է, որ որպես օգնություն կտրամադրվի միլիարդ զլոտի (մոտ 260 մլն դոլար)՝ ավելացնելով, որ Լեհաստանը ԵՄ-ից օգնություն ստանալու հայտ կներկայացնի։ Տուսկի կառավարությունը արտակարգ դրություն է հայտարարել։
Տարհանվել են հազարավոր մարդիկ։ Շատ տեղերում հեղեղվել են ճանապարհները, կանգնեցվել է գնացքների երթեւեկը։
Սլովակիայում հունից դուրս եկած Դունայը հեղեղել է Բրատիսլավայի հին հատվածը։ Տեղի ԶԼՄ-ների տվյալներով՝ ջրի մակարդակը բարձրացել է 9 մետրով եւ ավելի կբարձրանա։
Հունգարիան պատրաստվում է հեղեղման բարձրակետին առաջիկա օրերին։ Հեղեղումները սպառնում են Դունայի երկայնքով 500 կիլոմետր տարածքների։ Գետը բարձրանում է մոտ մեկ մետրով յուրաքանչյուր 24 ժամը մեկ։
Բուդապեշտի քաղաքապետարանը պատրաստել է միլիոն պարկ ավազ հեղեղումներից պաշտպանվելու համար։
Տրամվայի որոշ գծեր քաղաքում դադարեցրել են աշխատանքը, ճանապարհները գետի երկայնքով փակ են երկուշաբթի գիշերվանից։ Փակ է Բուդապեշտ-Վիեննա երկաթուղին։
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը X-ում հայտնել է, որ հետաձգել է բոլոր միջազգային ուղեւորությունները «եղանակային ծայրահեղ պայմանների պատճառով»։
Չեխիայում տեղումների քանակն ամենամեծն է։ Եսենիկ քաղաքում հինգշաբի առավոտվանից 473 միլիմետր տեղումներ են եղել, ինչը հինգ անգամ գերազանցում է միջին ամսական նորմը։
Ավստրիական Սանկտ Պյոլտեն քաղաքում չորս օրում ավելի շատ տեղումներ են եղել, քան 1950թ. ամենաանձրեւառատ տարում։
Ավստրիայում տուժած շրջաններին օգնության են եկել զինվորները։ Ավստրիայի կլիմայի նախարարությունը տեղեկացրել է, որ վերականգնման համար կհատկացվի 300 մլն եվրո։
Ռումինիայի արեւելքում ջրի տակ են անցել գյուղեր եւ քաղաքներ։
«Եթե դուք այստեղ լինեիք, լաց կլինեիք, որովհետեւ մարդիկ հուսահատված են, նրանց կյանքն աշխատանքում է անցել, կան մարդիկ, որոնց ունեցվածքից մնացել է միայն իրենց վրայի հագուստը»,- լրագրողներին ասել է Սլոբոզիա-Կոնաչիի քաղաքապետ Էմիլ Դրագոմիրը։





























