Հերթական պայթյունն է տեղի ունեցել Քյոլնի (Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիա դաշնային երկրամաս) կենտրոնում, մեկ մարդ թեթեւ վնասվածքներ է ստացել։ Դա տեղի է ունեցել համանման միջադեպից երկու օր հետո, տեղեկացրել է Kölner Stadt-Anzeiger թերթը՝ հղում կատարելով ոստիկանությանը։
Միջադեպը տեղի է ունեցել չորեքշաբթի, ժամը 05.00-ին, հագուստի խանութի մոտ։ Խանութում հրդեհ է սկսվել, որը մարվել է հրշեջների կողմից։ Քյոլնի ոստիկանությունը տեղեկացրել է, որ իրավապահները եւս եկել են պայթյունի վայր, այն շրջապատված է, քաղաքացիներին խնդրում են շրջանցել տարածքը։
Միջադեպը տեղի է ունեցել Vanity Club Cologne ակումբից երկու հարյուր մետր հեռու, որտեղ ուղիղ երկու օր առաջ նույնպես պայթյուն էր տեղի ունեցել, տուժել էր մեկ մարդ։ Երեքշաբթի Քյոլնի ոստիկանությունը հրապարակել է ենթադրվող իրավախախտի լուսանկարը։ Արդյո՞ք կապված են միմյանց հետ երկու միջադեպերը՝ առայժմ պարզ չէ, բայց տեղի ԶԼՄ-ները ընդգծում են, որ երկու դեպքերի հանգամանքները շատ նման են իրար, ինչն ուժեղացնում է կասկածները դրանց կազմակերպված հանցավոր խմբավորումների մասնակցության մասին։





























