Աշխարհի շատ երկրներում այսօր նշում են սահմանափակ կարողությունների տեր մարդկանց օրը: Այդ օրը տարբեր միջոցառումներ են անցկացվում, որոնք կոչված են սահմանափակ կարողությունների տեր մարդկանց խնդիրների վրա ուշադրություն հրավիրելուն, նրանց արժանապատվության պաշտպանությանը, իրավունքներին եւ բարեկեցությանը:

Սահմանափակ կարողությունների տեր մարդկանց (հաշմանդամների) միջազգային օրվա մասին  առաջին անգամ հայտարարվել է 1992թ.` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 47-րդ նստաշրջանի ընթացքում, հատուկ բանաձեւով: Գլխավոր ասամբլեան բոլոր պետություններին եւ միջազգային կազմակերպություններին կոչ է արել համագործակցել այդ օրվա անցկացման հարցում, ՄԱԿ-ի անդամ երկրներին կոչ է արել միջոցառումներ անցկացնել` հաշմանդամներին հասարակական կյանքում ընդգրկելու ուղղությամբ, գրում է  «Ռոսբալտ»-ը:

Հիշեցնենք, որ Հայաստանում նոյեմբերի 15-ից մեկնարկել է հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքների պաշտպանության միամսյակը: Դրա շրջանակներում անցկացվող միջոցառումները նպատակ ունեն բարձրացնել ՄԱԿ-ի  «Հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքների մասին» կոնվենցիայի վերաբերյալ հանրության իրազեկվածության մակարդակը, որը Հայաստանը վավերացրել է մայիսին եւ որը հոկտեմբերից ուժի մեջ է մտել:

Միամսյակի շրջանակներում դեկտեմբերի 1-3-ը տեղի է ունենում հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողների կոնֆերանսը, որն առնչվում է երեխաների ներառական կրթության գործընթացի հարցում ծնողների դերի եւ երեխաների համար հավասար հնարավորություններ ստեղծելու հարցերին:

Դեկտեմբերի 1-ին Հայաստանի, Վրաստանի եւ Իրանի միջեւ կայացել է հեռուստակամուրջ` նվիրված հաշմանդամության հարցերին, որի ընթացքում կողմերը կարծիքներ են փոխանակել եւ պատմել իրենց երկրների փորձի մասին:

Նշենք, որ Հայաստանում նոյեմբերի 1-ի դրությամբ հաշմանդամություն ունեցող ավելի քան 180 հազար մարդ կա: