«Սերժ Սարգսյանը, պատմաբանների հանձնաժողովի ստեղծմանը տված համաձայնությամբ, մի այնպիսի աններելի սխալ է գործել, որը թերեւս երբեւէ հնարավոր չլինի շտկել»։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ Հայ ազգային կոնգրեսի ակտիվի հետ նոյեմբերի 11-ին կայացած հանդիպմանը:

Ընդ որում, ըստ առաջին նախագահի՝ «սխալն աններելի է ոչ միայն քաղաքական, այլեւ գործնական առումով»։ «Եթե պատմաբանների հանձնաժողովի ստեղծման նպատակը հայ–թուրքական հաշտեցմանը նպաստելն է, ապա հազիվ թե ծառայի այդ նպատակին, քանի որ, ամենայն հավանականությամբ, այն վերածվելու է անվերջ բանավեճերի թատերաբեմի՝ ավելի եւս խորացնելով երկու ժողովուրդների հակասությունները։ Իսկ եթե հանձնաժողովի ստեղծման հարցում դրսեւորած զիջման դիմաց Հայաստանի դիվանագիտությունն ակնկալում է հասնել հայ–թուրքական սահմանի բացմանը, ապա այդ զիջումը միանգամայն անհարկի է, քանի որ սահմանի բացման հարցը կախված է ոչ թե դրանից, այլ ղարաբաղյան խնդրի լուծումից։ Այսինքն՝ պատմաբանների հանձնաժողով ստեղծվեր, թե ոչ, միեւնույնն է՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորումից հետո կարգավորվելու էին նաեւ հայ–թուրքական հարաբերությունները, եւ սահմանը բոլոր դեպքերում բացվելու էր»,- մանրամասնել է առաջին նախագահը։

Լեւոն Տեր-Պետրոսյանը նաեւ նշել է, թե պարզապես անհեթհեթություն է պնդել, որ «հայ–թուրքական հարաբերությունների կարգավորումը կապված չէ Ղարաբաղյան խնդրի լուծման հետ»: «Ավելին, այդ համառ պնդումները, որոնք անընդհատ հնչում են թե՛ Հայաստանի, թե՛ արեւմտյան երկրների դիվանագետների շուրթերից, ճիշտ հակառակն են ապացուցում՝ այն է, որ հայ–թուրքական կնճիռը եւ ղարաբաղյան հակամարտությունը լուծվելու են փաթեթով»,- նշել է առաջին նախագահն ու հիշեցրել. " Դա ես կանխատեսել էի դեռեւս 2008թ. հոկտեմբերի 17-ի իմ ելույթում, ավելացնելով նաեւ, որ «փորձ է արվելու այդ փաթեթում ընդգրկել նաեւ Ցեղասպանության ուսումնասիրության նպատակով հայ եւ թուրք պատմաբաններից կազմված հանձնաժողովի ստեղծման հարցը, ինչն այսօր արդեն իրականություն է»։