«Բարձարգույն կրթության եւ գիտության մասին» նոր օրենքի նախագիծը շատ մտահոգիչ է. այս պրոցեսը կարելի է անվանել «ՍՈՒ 30» ինքնաթիռների դուբլ-2, երբ մենք բոլորս ականատես եղանք, թե ինչ ոգեւորություն առաջացրեց այդ ինքնաթիռների ժամանումը Հայաստան, ինչ հույսեր առաջացրեց անվտանգության, բայց արդյունքում ոչ մի կրակոց կամ հրթիռ չարձակվեց: Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, «Բարձարգույն կրթության եւ գիտության մասին» նոր օրենք. Գիտուժի եւ գիտական համայնքի արձագանքը» թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «EarlyOne» ընկերության հիմնադիր, Limetech-ի հիմնադիր, ԱՏՁՄ վարչության անդամ, «Գիտուժ» նախաձեռնության անդամ Գեւորգ Սաֆարյանը:
«Այսօր մենք ականատես ենք լինում գիտության ոլորտը կարգավորող օրենքի մի քննարկման, որտեղ այս տարիների ընթացքում այդպես էլ ականատես չեղանք ռազմավարության, ռեսուրսների հստակ գնահատման, առկա համակարգերում փոփոխությունների, և այսօր այս ամենի բացակայության պարագայում առաջարկվում է օրենք, որը բերում է համակարգային մեծ փոփոխություներ՝ առանց նպատակների հստակության, առանց ռազմավարությունների, թե՛ պետական, թե՛ գիտության ոլորտում, թե՛ առհասարակ փոխկապակցված այլ ոլորտներում: Այս գործելաոճը կարելի է անվանել թերի, որովհետեւ եթե դու ունակ չես ճիշտ կառավարել պրոցեսները, արդյունքները կարող են լինել անդառնալի»,- ասաց նա, հավելելով, որ չունենալով այս ամենը, չանելով այն տնային աշխատանքը, որը պետք է արվեր, նման մեծ փոփոխությունները կարող են ազգային անվտանգության խնդիր առաջացնել։
«Խնդիրն այն է, որ մենք գործում ենք այս քաոսի մեջ: Հստակություն չկա։ Բնականոն առաջընթացի համար պետք է լինի նպատակ, հստակ ծրագիր և դրան հասնելու ռեսուրսներ, որտեղ քննարկվող օրենքը մեկ միավոր է համակարգելու այս աշխատանքները»,- ընդգծեց Սաֆարյանը:
Նա գնահատական չտվեց, թե արդյոք կառավարությունը միտումնավոր է գնում այս քայլերին, բայց նշեց. «Շատ ավելի քիչ կարեւոր երեւույթներին ենք քրեական գնահատական տալիս, բայց այն երեւությոները, որոնք կապված են Հայաստանի ապագայի, հաջորդ սերունդների անվտանգ միջավայր ունենալու եւ պետականության հիմք հանդիսացող գիտության հետ... Այստեղ փոփոխություններն, արվելով ոչ ճիշտ, կառավարչական ոչ գրագետ ձեւով, այնքան անդառնալի հետեւանքներ կարող են ունենալ, որ դա հիմիկվանից պետք է ուսումնասիրել ու գնահատական տալ, նույնիսկ քրեական։ Այսինքն, հարցն այն է, որ այս երեւույթն այնքան վատ հետեւանքներ կարող է ունենալ, որ միլիոնավոր անգամ ավելի շատ արժեքի կորուստ կարող ենք ունենալ, քան տարրական մի հատ մեքենայի գողության դեպքում։ Այստեղ մոտեցման խնդիրն է, սխալ մոտեցումը կարող է այնքան վնաս հասցնել, որ մենք դա անգամ չկարողանանք հստակ գնահատել», – ասաց նա։





























