«Գիտուժ» նախաձեռնությունը ստեղծելիս ամենասկզբից մենք խոսել ենք պետության հզորացման մասին, գիտության դերի մասին մեր պետության համար, անգամ մեր կարգախոսն է եղել՝ «Հզոր գիտություն՝ ուժեղ պետություն», եւ մենք խոսել ենք, առաջարկել ենք արագ, հավակնոտ փոփոխություններ, բայց տպավորություն է, որ այդ կարգախոսի միայն առաջին կեսն են հասկացել, այն էլ շատ դանդաղկոտ են այդ հարցում, ու հզորությունն էլ այդքան չի երեւում։ Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, «Բարձարգույն կրթության եւ գիտության մասին» նոր օրենք. Գիտուժի եւ գիտական համայնքի արձագանքը» թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Robomart-ի համահիմնադիր, գլխավոր տեխնոլոգիական տնօրեն, «Գիտուժի» անդամ Տիգրան Շահվերդյանը:
«Այդ հզոր գիտության և ուժեղ պետության կապը չի երևում այս բոլոր պրոցեսներում։ Այս օրենքի տեքստում մենք չենք տեսնում կապը պետական կարիքներիրց բխող գիտական հետազոտություններ իրականացնելու հետ: Մենք տեսնում ենք կապը կրթական նպատակների հետ, երբ որ գիտական հետազությունների, մշակումների կատարողների համակարգը պետք է ծառայի պետական կարիքներին»,-ասաց նա:
Շահվերդյանի խոսքով, «Գիտուժ» նախաձեռնությունը տարբեր ֆորմատներով է առաջարկություններ ներկայացրել օրենքի նախագծի վերաբերյալ. ե՛ւ որոշում ընդոնողների հետ քննարկումների ժամանակ, ե՛ւ գրավոր ընթացակարգով, ե՛ւ այլ շահագրգիռ կազմակերպություններն են առաջարկներ ներկայացրել, բայց իրենց գրեթե բոլոր առաջարկներն անտեսվել են. «Պատճառը մոտեցումն է, որը շատ ավտորիտար է: Մի քանի մարդիկ որոշում են, որ ինչ-որ փոփոխություններ պետք է արվեն, դա անում են իրենց կարծրացած մոտեցմամբ, որ այսպես պետք է լինի, առանց հիմնավորումներ բերելու, նայելու, թե աշխարհում ինչ փորձ կա»,- ընդգծեց Շահվերդյանը:




























