Մենք տեսել ենք հայտարարություններ, որ կառավարությունը չի պատրաստվում գիտահետազոտական ինստիտուտները միավորել համալսարանների հետ, բայց հիմա օրենքի նախագծում դա ենք տեսնում: Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» նոր օրենք. Գիտուժի եւ գիտական համայնքի արձագանքը» թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Ռոբոմարտի» համահիմնադիր, գլխավոր տեխնոլոգիական տնօրեն, «Գիտուժի» անդամ Տիգրան Շահվերդյանը:
«Գիտությունը համալսարաններ բերելու համար անհրաժեշտ չէ կազմի մեջ ներառել: Դա մեթոդներից մեկն է, բայց նաեւ ամբողջ աշխարհում հայտնի է մյուս մեթոդը, երբ կազմում չգտնվող ինստիտուտների գիտնականները հանդիսանում են համալսարաններում դասախոսներ: Դա աշխատող մոդել է զարգացած երկրներում: Ու հենց այդ զարգացած երկրների օրինակն էլ բերում են օրենքի հիմնավորման մեջ, բայց այդ հիմնվորումը ոչ թե թերի է, այլ պարզապես կեղծ է»,- հայտարարեց նա:
ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանն էլ հավելեց, որ այս օրենքի հիմնավորման վերլուծական աշխատանքը չի կատարվել։ Ըստ նրա՝ ճիշտ չէ պնդումը, թե գիտությունը կտրված է համալսարաններից. «Այսօր գիտական համայնքի մի ստվար զանգված դասավանդում է համալսարաններում: Տարբեր համալսարանների ուսանողներ տարբեր կրթական ծրագրերի շրջանակներում սերտորեն կապված են գիտական կազմակերպությունների հետ: Խնդիրը կապի բացակայության մեջ չի, այլ նրա մեջ, թե ինչ կարող է գիտական հաստատությունը տալ համալսարանին եւ ինչ կարող է համալսարանը տալ գիտական կազմակերպությանը: Եթե մենք միավորենք դրանք, դրանից այդ կապը չի ուժեղանա եւ չի թուլանա։
Խնդիրն այլ դաշտում է։ Եթե մենք ստիպում ենք, որ մեր համալսարանի պրոֆեսորը 700 ժամ դասվանդի, գիտության մասին այդտեղ խոսք չի կարող լինել, որոպվեհետեւ պարզապես ժամանակը չի հերիքի։ Այսինքն, վերհանված չեն բոլոր այն խնդիրները, որոնք բերում են այդ կապի չլինելուն։ Այդ խնդիրների մասին չի խոսվում, ասում են, եթե միավորենք, ապա ամեն ինչ լավ կլինի», – ասաց նա։




























