Հարավային Օսիայի նախագահ Էդուարդ Կոկոյտին Գերագույն դատարանի կողմից նախագահական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելուց հետո հանրապետությունում ծավալվող դեպքերը «նարնջագույն հեղափոխություն» է անվանել:

«ՌԻԱ Նովոստիի» տեղեկացմամբ, հանրաության հետ հանդիպման ժամանակ նա ասել է, որ այսօր տեղի ունեցողը «նարնջագույն հեղափոխության» ձեւերից մեկն  է, եւ այն  «չի անցնի»: Կլինի այնպես, ինչպես կորոշի ժողովուրդը եւ դատավորը, նշել է նա` ասելով, որ չի կառչում իշխանությունից, բայց ուզում է այն սահմանադրությանը համապատասխան փոխանցել: 

Հիշեցնենք, դեկտեմբերի 4-ին, ընտրատեղամասում պատասխանելով լրագրողների հարցերին, որտեղ գտնվում էր ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու նպատակով, Կոկոյտին հայտարարել էր, որ ոչ մի վերջնագիր ընդունելու մտադրություն չունի, իսկ հանրապետության ղեկավարության հետագա բոլոր գործողությունները օրենքի շրջանակներում կլինեն:

Հիշեցնենք, որ Հարավային Օսիայի Գերագույն դատարանը զրոյացրել էր նախագահական ընտրությունների արդյունքները, ըստ որոնց` Ալլա Ջիոեւան հաղթել էր: Դատարանի որոշմամբ Ջիոեւան այլեւս չի կարող մասնակցել ընտրություններին: Երկրի խորհրդարանը նոր ընտրությունները նշանակել է 2012թ. մարտի 25-ին:

Ջիոեւան չի համաձայնել դատարանի վճռին, բողոքարկել է, ինչպես նաեւ իրեն հռչակել է ընտրված նախագահ եւ պահանջել, որպեսզի իշխանությունները ճանաչեն իր հաղթանակը:

Ջիոեւայի կողմնակիցները  արդեն մի քանի օր Ցխինվալիի հրապարակում ցույցեր են անում, իսկ նա եւ նրա ներկայացուցիչները իշխանությունների հետ բանակցություններ են վարում, բայց առայժմ` ապարդյուն: Արդյունքը եղել էր Կրեմլին ներկայացրած վերջնագիրը. Ջիոեւայի կողմնակիցները սպառնացել էին համընդհանուր գործադուլ սկսել: Ընդդիմությունը Մոսկվայից պահանջում է ճանաչել Ջիոեւայի հաղթանակը եւ նշանակել երդման արարողության օրը, ինչպես նաեւ Հարավային Օսիայի գործող նախագահ Էդուարդ Կոկոյտիի, Գերագույն դատարանի նախագահ Ացամազ Բիչենովի եւ հանրապետության գլխավոր դատախազ Հուգաեւի եւ նրա տեղակալ  Էլդար Կոկոեւի հրաժարականի պահանջ է ներկայացվում: