Վերին Լարսի անցակետն այսօր` դեկտեմբերի 5-ի դրությամբ, հատել են հայկական բեռնափոխադրողների թվով 60 բեռնատար մեքենաներ, եւս 20-ը կանցնեն օրվա ընթացքում:

Տրանսպորտի եւ կապի նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ առաջիկա օրերին բոլոր մեքենաները կանցնեն անցակետը:

Հիշեցնենք, որ առատ ձյան եւ բքի պատճառով 150-ից ավելի մեքենաներ մնացել էին Վերին Լարսի անցակետում եւ դեկտեմբերի 3-ին այդ մեքենաների առաջին խմբաքանակը սկսել է տեղաշարժվել:

Վրաստանի ճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, դեկտեմբերի 5-ի ժամը 12.00-ի դրությամբ, Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ճանապարհի Գուդաուրի /Պոստա/ - Կոբի հատվածում երթեւեկությունը արգելված է 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների համար: Տրեյլերների, կիսատրեյլերների երթեւեկությունը թույլատրվում է հակատեղապտույտային շղթաների առկայության պարագայում` քարշային շղթաների օգնությամբ /վերելքներում` ամրացված առաջից, վայրէջքներում` հետեւի մասից/: Այլ մեքենաների համար երթեւեկությունը թույլատրվում է հակատեղապտույտային շղթաների առկայության պարագայում: 2 եւ ավելի տանող կամրջակներով մեքենաների համար երթեւեկությունը բաց է:

Մեքենաները կշարժվեն թունելներով` ձյան հոսքերից պաշտպանվելու նպատակով: Թունելներում տրեյլերների եւ կիսատրեյլերների երթեւեկությունը կլինի միակողմանի` պարեկային ոստիկանության անմիջական վերահսկողության ներքո:

Ճանապարհի այլ հատվածներում երթեւեկությունը բաց է: