Ռուսաստանի Պետական դումայի ընտրություններում եղավ այն, ինչ կանխատեսվում էր, առանձնապես անակնկալներ չեղան: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ՀՅԴ Գերագույն Մարմնի ներկայացուցիչ, Ազգային Ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը` մեկնաբանելով Ռուսաստանում կայացած ընտրությունների ընթացքը:
Ռուսաստանի կառավարող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը նախորդ ընտրությունների համեմատ կորցրեց շուրջ 15 տոկոս: Ըստ Ռուստամյանի, սա նշանակում է, որ քաղաքական պայքար է եղել, եւ մնացած քաղաքական ուժերի վարկանիշը այդ պատճառով բարձրացել է:
Հարցին` հնարավո՞ր է, որ Ռուսաստանում ընտրությունների արդյունքն ազդի Հայաստանի վրա, Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որովհետեւ կուրսի լուրջ փոփոխություն, մանավանդ արտաքին քաղաքականության մեջ դժվար թե լինի, որովհետեւ ի վերջո ամեն ինչ կամբողջացվի նախագահի ընտրությամբ, որը սարերի ետեւում չէ, մարտին է, եւ չեմ կարծում, թե Պուտինը չընտրվի: Եւ երբ դա էլ լինի, մեզ հայտնի Պուտինյան քաղաքականությունն ավելի է ամրագրվելու»:
Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, Ռուսաստանում դեկտեմբերի 4-ին կայացած խորհրդարանական ընտրությունների քվեաթերթիկների 95 տոկոսի հաշվարկից հետո, իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը հավաքել է 49,67 տոկոս ձայն: Երկրորդ տեղում Կոմունիստական կուսակցությունն է, որը հավաքել է 19,13 տոկոս ձայն, այնուհետեւ գալիս է «Սպրավեդլիվայա Ռոսիա» կուսակցությունը` 13,18 տոկոս ձայնով: 4-րդ տեղում Վլադիմիր Ժիրինովկիի ղեկավարած Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցությունն է 11,66 տոկոս ձայնով:
Հիշեցնենք, որ նախորդ խորհրդարանական ընտրություններում «Եդինայա Ռոսիան» հավաքել էր ընտրողների 64 տոկոս ձայները:



























