Հարավաֆրիկյան Հանրապետության խոշորագույն քաղաքի՝ Յոհանեսբուրգի իշխանություններն առաջարկել են անվանափոխել գլխավոր փողոցներից մեկը ավելի քան 50 տարի առաջ ինքնաթիռի առևանգմանը մասնակցած պաղեստինուհու անունով, ինչը քննադատել են մի շարք քաղաքական կուսակցություններ, ինչպես նաև քաղաքի հրեական համայնքը, հայտնում է Associated Press գործակալությունը։

Քաղաքային խորհուրդը քննարկում է Սանդթոնի ֆինանսական թաղամասի փողոցը վեանվանել պաղեստինուհի ակտիվիստ, Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատի անդամ Լեյլա Խալեդի անունով:

Արդեն 80 ամյակը բոլորած պաղեստինուհին հռչակ էր ձեռք բերել 1969 թվականին, երբ անդամակցում էր խմբին, որն առևանգել է Հռոմից Թել Ավիվ թռչող Trans World Airlines-ի ինքնաթիռը: Լեյլա Խալեդը հայտնի դարձավ որպես ինքնաթիռ առևանգող առաջին կին։

Նա նաև այն երկու մարդկանցից մեկն էր, ովքեր 1970 թվականին փորձեցին առևանգել Ամստերդամից Նյու Յորք թռչող Իսրայելի ավիաուղիների ինքնաթիռը, որի արդյունքում մյուս առևանգողին ավիացիոն մարշալները մահացու վիրավորեցին: Իսրայելը Խալեդին ահաբեկիչ է համարում, սակայն պաղեստինցիները և որոշ Հարավաֆրիկյան Հանրապետության բնակիչների մի մասը, որոնք աջակցում են պաղեստինյան գործին, նրան հերոս և ազատամարտիկ են համարում: