Իրաքի նախկին արտգործնախարար Թարիք Ազիզը մահապատժի կենթարկվի հաջորդ տարի` երկրից ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո: Այս մասին, CNN-ի տեղեկացմամբ, հայտնել է Իրաքի վարչապետի խորհրդական Սահադ Յուսիֆ ալ Մութալիբին:
Հիշեցնենք, որ ԱՄՆ զորքերը պետք է Իրաքը լքեն մինչեւ այս տարվա դեկտեմբերի 31-ը:
Թարիք Ազիզը 1979-2003թթ. ընթացքում Սադամ Հուսեյնի կառավարությունում մի շարք բարձր պաշտոններ է զբաղեցրել: Նա 2006թ. դեկտեմբերի 30-ին մահապատժի ենթարկված իրաքյան բռնապետի աջ ձեռքն է եղել:
Իրաքի պատերազմի ավարտից հետո` 2003թ. ապրիլին, նա ինքնակամ հանձնվել է ամերիկյան հրամանատարությանը, քանի որ իրեն Հուսեյնի վարչակազմին հանցակից չի համարել, գրում է NEWSru.com-ը:
2009թ. մարտին Ազիզը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման` 42 մարդու սպանությանը մասնակցելու մեղադրանքով: 2009թ. օգոստոսին նրան 7 տարվա կալանքի են դատապարտել 1980-ական թվականներին երկրի հյուսիսում քրդերի նկատմամբ ճնշումներ գործադրելու համար:
Այս տարվա հուլիսին Բաղդադի արվարձանի ամերիկյան բանտում պահվող 74-ամյա Թարիկ Ազիզին հանձնել են իրաքյան իշխանություններին` Սադամ Հուսեյնի վարչակազմի 55 գործիչներից բաղկացած խմբի հետ: Հոկտեմբերին գերագույն քրեական դատարանը Թարիկ Ազիզին դատապարտել է մահվան` մեղավոր ճանաչելով շիա կրոնական շարժմանը հետապնդելու մեջ:




























