2011թ. ղարաբաղյան կարգավորման գործընթացում չհաջողվեց առաջընթացի հասնել: Ինչպես Վիլնյուսից տեղեկացնում է NEWS. am-ի հատուկ թղթակիցը, այս մասին ասել է Ֆրանսիայի եվրոպական հարցերի նախարար Ժան Լեոնետին` դեկտեմբերի 6-ին ելույթ ունենալով Լիտվայի մայրաքաղաքում ընթացող ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստում:
Հիշեցնելով, որ Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր է, Լեոնետին նշել է, որ 2011թ., չնայած միջնորդների ջանքերին եւ ՌԴ-ի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահների` հակամարտության կարգավորման գործընթացում առաջխաղացման հասնելու փորձերին, ինչպես նաեւ Դովիլում նրանց ընդունած համատեղ հայտարարությանը, առաջընթացի հասնել չի հաջողվել:
Միաժամանակ, Ֆրանսիայի ներկայացուցիչը հույս է հայտնել, որ 2012թ. կհաջողվի թարմացնել դինամիկան: Նա նշել է, որ եկել է որոշումներ կայացնելու ժամանակը, պետք է օգտվել պահից եւ անհապաղ աջակցություն հայտնել ղարաբաղյան կարգավորման մադրիդյան նորացված սկզբունքներին:



























